շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եթե նույնիսկ առաջին դեմքերի քննարկումների պարագայում միջանցքը մնա փակ, կստացվի, որ սա ունի այլ նպատակներ. Քոչարյան

Եթե նույնիսկ առաջին դեմքերի քննարկումների պարագայում միջանցքը մնա փակ, կստացվի, որ սա ունի այլ նպատակներ. Քոչարյան

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրային ՀԸ-ի եթերում անդրադարձել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանը մեզ ստիպում է միութենական պետություն կազմել:

՛՛Ռուսաստանի կողմից մեզ ստիպելու մասին ուղիղ ես չեմ կարող ասել, բայց որ նպատակաների մեջ տեսանելի են, որ այդպիսի ցանկություններ շրջանառության մեջ գոյություն ունեն, կարող եմ ասել՛՛,-նշել է Քոչարյանը: 

Նրա խոսքով՝ ճնշումների մասին միշտ կարելի է խոսել, դեռ 90-ականներին կար միութենական պետություն ստեղծելու ծրագիր: ՛՛Ստորագրություններ էին հավաքում, կոորդինացիոն խումբ էր ստեղծված, Հայաստան, Ռուսաստան, Բելառուս՝ այդպիսի միության մասին էր խոսքը, եւ այդ գաղափարը եկել, հասել է մինչեւ մեր օրեր: Վերջին հաշվով՝ այս ամենը բերում, կապում են մեր անվտանգային միջավայրի կայունության եւ կայունությունը պահելու հետ, որը խոսում է այն մասին, որ այստեղ ինչ-որ բան այն չէ նպատակների ու ցանկությունների տեսանկյունից՛՛,-նշել է Քոչարյանը:

Ըստ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ տարօրինակ է, որ մոտ 20 օր Արցախը Հայաստանին կապող միջանցքը շարունակում է փակ մնալ, եւ ՌԴ զորամիավորումները պարտավոր են այդ խնդիրը լուծել, քանի որ խնդիրը չի կարող լուծում չունենալ. ՛՛Միջանցքը փակ՝ նշանակում է շրջափակման մեջ պահել մեր հայրենակիցներին, իսկ դա հղի է շատ վատ հետեւանքներով: Վերջին հաշվով՝ դա կարող է բերել պայթյունավտանգ լարվածության, որը ձեռք չի տա ոչ մեկի: Եթե նույնիսկ երկրների առաջին դեմքերի քննարկումների պարագայում միջանցքը մնա փակ, կստացվի, որ սա ունի այլ նպատակներ, կդառնա իրականություն, այդ ժամանակ մեր երկիրը, մեր ինքնիշխան պետությունը պետք է իր քաղաքական ներուժը այնպես կառավարի, որ հնարավորինս հեռու պահենք մեր ժողովրդին հնարավոր զարգացումների նման սցենարից, բայց դա չի նշանակում,որ մենք պետք է գնանք այնպիսի զիջումների, որպեսզի իրականացվեն ոչ թե մեր պետութան նպատակները, այլ ուրիշ պետությունների նպատակը՛՛:

Խոսելով այն մասին, թե ինչ է անում կառավարությունը, որ միջանցքը փակելը հետագայում չկիրառվի, Քոչարյանը վստահեցրել է, որ իրենք ամեն ինչ անում են, որ անվտանգային միջավայրը վերականգնվի:

՛՛Մենք ստեղծել ենք Ներքին գործերի նախարարություն, ՀՀ-ն ստեղծում է արտաքին հետախուզություն, ՀՀ ԶՈւ բարեփոխումների հետ կապված մենք ընդունել ենք 6 օրենքներ, որոնք տալիս են ամբողջությամբ նոր, պրոֆեսիոնալ բանակ ստանալու հնարավորություն: Տարածաշրջանում խախտվել է ռազմական բալանսը, որը պատճառ հանդիսացավ պատերազմի թե՛ 2016 թվականի ապրիլին, թե՛ 2020 թվականին, այդ բալանսը պետք է վերականգնվի մեր եւ հակառակորդ պետության միջեւ՛՛,-նշել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ պետք է շարունակել Ադրբեջանի հետ երկխոսությունը, սակայն իրավիճակը կայունացնելուց հետո միայն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր. ՛՛Հայաստանի հանդեպ ճնշումներ նաև միութենական պետության մասով են գալիս, Հայաստանի ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական տեսքով ճնշումներ՛՛:

  • Կիսվել: