Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ. Սարգսյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից արձագանքել են ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
Նշենք, որ այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետը նախկին նախագահներին հրավիրել էր այս թեմայով բանավեճի:
«Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ՝ խնդրելով հայտնել, թե արդյոք քննարկվում է բանավեճի հրավերը.
«Ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է, մանավանդ որ ինչպես մինչև իշխանազավթումը, այնպես էլ դրանից հետո հազար անգամ հրապարակային, հանգամանորեն ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ պատմությունը: Առավել ևս, երբ Հայաստանի կառավարիչն ամեն ինչ արեց բանակցային գործընթացը ձախողելու համար: Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր 2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը:
Չէր խանգարի, որ մեկ-մեկ էլ լսեր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ ինչպես 2016 թվականի, այնպես էլ հետպատերազմյան խոստովանությունները»,-«Փաստինֆո»-ին պատասխանեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից»,-ասված է Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: