ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եթե ՄԻԵԴ-ը հաստատի, որ պատերազմը անօրինական էր, դա կարող է նաև հետևանքներ ունենալ՝ ընդհուպ մինչև Արցախի կարգավիճակի վրա ապագա բանակցություններում. Արա Ղազարյան

Եթե ՄԻԵԴ-ը հաստատի, որ պատերազմը անօրինական էր, դա կարող է նաև հետևանքներ ունենալ՝ ընդհուպ մինչև Արցախի կարգավիճակի վրա ապագա բանակցություններում. Արա Ղազարյան

Կարծում եմ, միանշանակ, ՄԻԵԴ-ում պարտվելու հնարավորություն չկա։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն՝ անդրադառնալով ՀՀ կառավարության ներկայացրած միջպետական գանգատին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44 օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար:

«Երբ միջազգային ատյանի կողմից ինչ-որ փաստ է արձանագրվում՝ դա արդեն ընդունվում է որպես իրականություն բոլոր միջազգային մարմինների կողմից և քաղաքական, և կիսաքաղաքական և դատական։ Այսինքն, սա պատմական ճշմարտությունը հաստատելու ամենաարդյունավետ եղանակն է, ուստի առաջին հերթին մեզ պետք է վճիռ, որ Ադրբեջանը վարել է անօրինական պատերազմ, որովհետև այն հիմքերով, որ կառավարությունը հայց է ներկայացրել, ամբողջը տանում է նրան, որ պատերազմը անօրինական էր և անարդարացի, իսկ եթե հաստատի, որ պատերազմը անօրինական էր, դա կարող է նաև հետևանքներ ունենալ՝ ընդհուպ մինչև Արցախի կարգավիճակի վրա ապագա բանակցություններում»։

Նա ընդծեց, որ այս պահին պետք է մտածել առաջին հերթին խախտված իրավունքների վերականգնման մասին, անվտանգության մասին։ «Այսինքն, այդ դատական ակտը նաև զսպող ազդեցություն է ունենալու, իսկ դա անվտանգության հարց է»։

Անդրադառնալով հարցին, թե եթե հաստատվի որ պատերազմը եղել է անարդարացի և անօրինական՝ հնարավո՞ր է վերադարձնել կորցրած տարածքները՝ նա պատասխանեց, որ այս պահին խոսվում է միայն Հադրութի դեօկուպացիայի մասին, որովհետև սա էլ իրավական հիմք ունի։ «Բայց սա այլ հիմք ունի։ ՄԻԵԴ-ում սա կարող է քննարկվել զուտ այն հիմքով, թե Ադրբեջանը վերահսկո՞ւմ է որևէ անձի գույքը, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ո՞ր պահից է սկսում վերահսկողությունը։ Պատասխանը մեկն է, այն պահից, երբ Ադրբեջանը օկուպացրեց, բնականաբար, այստեղ Հայաստանի կողմից «օկուպացիա» բառը կօգտագործվի։ Այստեղ դերերի ուղիղ հակադարձ փոփոխություն է տեղի ունեցել։ Եթե համեմատենք «Սարգսյանն ու այլոք՝ ընդդեմ Հայաստանի» գործին, որտեղ Ադրբեջանը փաստարկներ է բերում, որ Հայաստանն օկուպացրել է այդ տարածքը, հետևաբար, վերահսկողություն չունի այդ տարածքի նկատմամբ, հիմա նույնանման փաստարկ Հայաստանն է բերում՝ Ադրբեջանն է օկուպացրել քաղաքացիների օրինական գույքը և քաղաքացիները չեն կարողանում իրենց գույքից օգտվել»։

Հարցին, թե մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է զինվել, հնարավոր է, որ վճիռը նաև հիմք դառնա պետության նկատմամբ սանկցիաներ կիրառելու՝ զենքի մատկարարումը դադարեցնելու համար, նա պատասխանեց, որ վճիռը այդ աստիճանի հետևանք չի առաջացնի, բայց սրա հիման վրա քաղաքական մարմինները կարող են նման խնդիրներ բարձրացնել։ «Վճիռը կարևոր է նրանով, որ հաստատվում է իրողությունը, դառնում է պատմական փաստ՝ հաստատված միջազգային դատարանի կողմից, հիշենք Նյուրնբերգի դատավարությունը կամ Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որքան կարևոր էր չէ՞ հայերիս համար այդ դատավարությունը»,-ասաց Ղազարյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները: Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ: Այս գանգատը Եվրոպական դատարան ՀՀ-ի կողմից ներկայացվող առաջին միջպետական գանգատն է: Առաջիկայում Եվրոպական դատարան են ուղարկվելու արդեն իսկ ներկայացված պահանջները հիմնավորող լրացուցիչ մեծածավալ ապացույցներ:

  • Կիսվել: