հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե Մարտի 1-ին արտակարգ դրություն չհայտարարվեր, ավելի շատ զոհեր կլինեին. Վարդանյան

Եթե Մարտի 1-ին արտակարգ դրություն չհայտարարվեր, ավելի շատ զոհեր կլինեին. Վարդանյան

Ռոբերտ Քոչարյանի աջակցության գրասենյակի ղեկավար Աղվան Վարդանյանը կարծում է, որ «Մարտի 1»-ը տարիներ շարունակ ներկայացվել է միակողմանի: Այս մասին նա ասաց «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ:

Վարդանյանը նշեց. «Դա արվել է ուղղակի բացարձակ բարոյական որեւէ սահմանից դուրս՝ հարմարեցնելով իրենց քաղաքական նպատակներին: Այն, որ նախագահ Քոչարյանը զուտ անձնական ու քաղաքական շարժառիթներով է կալանավորված, եւ այս գործը, նաեւ այլ գործեր դադարեցնում են Հայաստանը որպես իրավական պետություն լինելուց, ակնհայտ է: Հիշեք նաեւ ՍԴ-ի հետ կապված խնդիրները»:

Վարդանյանն ասաց նաեւ, որ եթե այդ օրը արտակարգ դրություն չհայտարարվեր, մենք կունենայինք շատ ավելի մեծ թվով զոհեր, եւ Երեւանի առնվազն կենտրոնը կլիներ գուցե օրեր շարունակ այն իրավիճակում, ինչը տեսել ենք այդ մի քանի ժամվա ընթացքում:

Նա վստահ է, որ խաղաղ ցուցարարների մասին խոսելն անհեթեթություն է. «Այն, որ 10 զոհերից երկուսը ոստիկաններ են եւ 187 ոստիկան մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել, խոսել խաղաղ ցուցարարների մասին, ուղղակի անհեթեթ է»:

  • Կիսվել: