ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Եթե խնդիր կա, իրավապահները պետք է արձագանքեն․ վարչապետը՝ Թալինի համայնքապետի կողմից սոցիալական օգնություն բաժանելու մասին

Եթե խնդիր կա, իրավապահները պետք է արձագանքեն․ վարչապետը՝ Թալինի համայնքապետի կողմից սոցիալական օգնություն բաժանելու մասին

Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի կողմից սոցիալական օգնություն բաժանելու հարցով գնահատական պետք է տան իրավապահ մարմինները։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընտրություններից առաջ Թալին համայնքում սոցիալական աջակցություն բաժանելու վերաբերյալ հարցին։

«Թալին խոշորացված համայնքի ղեկավարի հետ կապված, կարծում եմ, եթե այնտեղ խնդիր կա, իրավապահները պետք է արձագանքեն։ Բայց մենք պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը։ Ես գնահատական չունեմ, դա իրավապահ մարմինները պետք է գնահատական տան»,-ասել է Փաշինյանը։

Միևնույն ժամանակ վարչապետը նշել է, որ կառավարությունն ինքն էլ պարբերաբար սոցիալական աջակցություն է տրամադրում քաղաքացիներին։

«Հիմա կառավարությունն էլ է ամեն ամիս միլիարդներով սոցիալական աջակցություն բաժանում, հիմա պետք է չբաժանի՞ սոցիալական աջակցությունները։ Այստեղ պետք է իրավական, նախադեպային գնահատականներ ֆիքսել և առաջնորդվել այդ տրամաբանությամբ»,-նշել է վարչապետը։

Ավելի վաղ, «Իրազեկ քաղաքացիական միավորում» ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտնել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքը Թալին համայնքում սոցիալական օգնության բաժանման հարցով հանցագործության մասին հաղորդում է պատրաստվում ուղարկել իրավապահ մարմիններին։

Իոաննիսյանի խոսքով՝ համայնքապետարանի կողմից դրամական սոցիալական աջակցություն տրամադրելը կարող է հակասել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորումներին և առերևույթ պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ։

 

  • Կիսվել: