ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Եթե խաղաղություն է, ինչո՞ւ են մեր հայրենակիցները Բաքվի բանտում. Սյուզաննա Ավետիսյան

Եթե խաղաղություն է, ինչո՞ւ են մեր հայրենակիցները Բաքվի բանտում. Սյուզաննա Ավետիսյան

«Պարոն Թունյան, սրանք առնվազն 19 հայ գերիներն են, ովքեր գտնվում են Բաքվի բանտում, և նրանք դատվում են այն բանի համար, որ հայ են»,-  իր ելույթում անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի հայտարարությանը,  որտեղ հայ գերիներին կալանավոր էր անվանել նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Սյուզաննա Ավետիսյանը։

Նա ԱԺ ամբիոնին մոտեցել էր Բաքվի բանտում գտնվող հայ գերիների լուսանկարներով շապիկ հագած։

«Ի դեպ, նրանցից շատերի հյուրասիրությանը դուք արժանացել եք միգուցե տարբեր ՔՊ-ական պատգամավորների հետ մինչև 2020 թվականի պատերազմը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Պարոն Թունյան, ես ձեզ նկարները վերջում կտամ, որպեսզի դուք ճանաչեք մեր գերիներին», — ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ավետիսյանը հիշեցրեց՝  վաղը՝ օգոստոսի 8-ին լրանում է մեկ տարին, երբ իշխանությունը հայտարարել է Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին, սակայն հայ գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտում։

«Մեկ ամբողջ տարի հաստատված խաղաղության պայմաններում առնվազն 19 հայեր գտնվում են Բաքվի բանտում։ Եկեք խոսենք թվերով, որովհետև թվերը ավելի խոսուն են և ազնիվ, քան ցանկացած քաղաքական պոպուլիստական հայտարարություն», -ընդգծեց նա։

Պատգամավորը նշեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 186 մարդ, որոնց թվում՝ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք և գերեվարված զինծառայողներ, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում վերադարձել է ընդամենը չորս մարդ։

«Մինչև ձեր հռչակած խաղաղությունը գերիների վերադարձը տեղի է ունեցել ավելի հաճախ, որովհետև միջնորդներ են զբաղվել։ Սա ձեր ձախողման ապացույցն է», -ասաց Ավետիսյանը։

Նա հարց է ուղղեց իշխանությանը՝ կապված խաղաղության վերաբերյալ հայտարարությունների և Բաքվում պահվող հայերի խնդրի հետ։

«Հիմա խաղաղությո՞ւն է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ըստ ձեր տրամաբանության ինչու՞ են մեր հայրենակիցները Ադրբեջանում՝ Բաքվի բանտում։ Իսկ եթե ոչ, ապա ինչու՞ էիք ամեն օր այս ամբիոնից, հեռուստաէկրաններից գոռում-գոչում, մարդկանց կոչ էիք անում, որ տեր կանգնե՛ք խաղաղությանը»,- նշեց պատգամավորը։

Ս. Ավետիսյանը շեշտեց՝  Մադաթ Բաբայանը, Ռաշիդ Բեգլարյանը, Դավիթ Ալավերդյանը, Լևոն Բալայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Ալյոշա Խոսրովյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Լյուդվիկ Մկրտչյանը, Մելիքսեդ Փաշայանը և մյուսները հանցագործներ չեն։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունը պետք է միջազգային հանրությանը ներկայացնի իր պաշտոնական դիրքորոշումը և պաշտպանի Հայաստանի քաղաքացիների իրավունքները։

«Ես հույս ունեմ, բացառված է, որ գտնվի մեկ հայ մարդ, մեկ պատգամավոր այստեղ, անկախ իր քաղաքական պատկանելությունից, ով չցանկանա, որ հայ գերիները վերադառնան իրենց ընտանիքներին։ Սա այն հազվագյուտ հարցերից մեկն է, որտեղ մենք բոլորս պարտավոր ենք լինել մեկ ձայն»,-ասաց Սյուզաննա Ավետիսյանը։

Ելույթը պատգամավորը ամփոփեց Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի խոսքերով․ «Ամենամեծ վտանգը անտարբերությունն է։ Սիրո, հակառակ կողմը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը։ Բարու հակառակը ոչ թե չարությունն է, այլ անտարբերությունը»։

  • Կիսվել: