հինգշաբթի, դեկտեմբեր 1
1 / 12 / 2022
Եթե իշխող թիմը առաջարկի նոր կոնսոլիդացիոն ներուժ ունեցող բանակցողի, այդ հարցի շուրջ կարելի է գալ համաձայնության. Քոչարյան

Եթե իշխող թիմը առաջարկի նոր կոնսոլիդացիոն ներուժ ունեցող բանակցողի, այդ հարցի շուրջ կարելի է գալ համաձայնության. Քոչարյան

Այսօր մենք իշխանություններից չենք տեսել կոնսոլիդացիային ուղղված քայլեր, նրանք չեն առաջարկել մի օրակարգ, որի շուրջ համախմբվենք և պայքարենք, իսկ կապիտուլյացիայի շուրջ համախմբվելու կարիք չկա: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ես համաձայն եմ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ այսօր իշխանության գալը պատիժ է ու առաքելություն, բայց մոտեցումներն են տարբեր` մենք գտնում ենք, որ պետք է ստանձնել էդ պատասխանատվությունը, որպեսզի պայքարելով ճեղքենք իրավիճակը:

Նա ասում է, որ իրավիճակը այնպիսին է, որ պետք է ընտրենք չարիքից փոքրագույնը»,- նկատեց Քոչարյանը: Խոսելով ապագա քաղաքական սցենարների շուրջ հանրային-քաղաքական կոնսոլիդացիայի հեռանկարների մասին` նա ասաց, որ ընդունելի տարբերակ կլինի թեկուզ իշխող թիմի կողմից ընդունելի մի թեկնածուի վարչապետի պաշտոնին առաջադրելը, որը կլինի միավորող գործոն իր տեսակով:

«Այո, սա քննարկման հարց է, բայց այդ նախաձեռնությունը պետք է գա իշխանական թիմից, եթե նրանք գիտակցում են իրավիճակի լրջությունը: Ի դեպ, նրանք դա կարող են անել նույնիսկ առանց ընդդիմության, բայց լավ կլինի անել հանրային կոնսոլիդացիայի օրակարգով»,- նկատեց Քոչարյանը:

Անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի հովանու ներքո կայացած Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպմանը և դրանից հետո Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն պնդմանը, որ նա հանդիպման ժամանակ մի փաստաթուղթ էր պատրաստել, որով նախատեսվում էր միավորվել իշխանության շուրջ առկա դժվարին իրավիճակից ելքեր գտնելու համար` Քոչարյանը ասաց, որ նման թուղթ հանդիպման մասնակիցները չեն տեսել:

«Միգուցե նա բանավոր կերպով դրա բովանդակությունը ներկայացրել է, բայց ոչ մի թուղթ չենք քննարկել: Ուղղակի, քանի որ տարաձայնությունները շատ խորն է եղել, մենք միանգամից պայմանավորվել ենք, որ դուռը բաց պահենք նման հանդիպումների համար»,- եզրափակել է երկրորդ նախագահը:

  • Կիսվել: