երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Եթե իմ մասնակցությամբ որևէ միջոցառման որևէ պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս, աշխատանքից հեռացնելու եմ. Փաշինյան

Եթե իմ մասնակցությամբ որևէ միջոցառման որևէ պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս, աշխատանքից հեռացնելու եմ. Փաշինյան

Կառավարության ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ դիտարկմանը, թե քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նաև երեխաների հետ է հանդիպում: Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք սա քարոզչության մեջ ներգրավել չի՞ նշանակում, նաև երեկ դպրոցներից մեկում հնչել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երգը: Ըստ Փաշինյանի՝ երգը կուսակցությանը չէ, այն ՀՀ-ի մասին է, իսկ ինչ վերաբերում է երեխաների հետ հանդիպմանը, ապա չի կարող որևէ երեխայի արգելել, որպեսզի ցանկության դեպքում գան իրեն տեսնելու:

«Եթե իմ մասնակցությամբ որևէ միջոցառման որևէ պետական պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս, առանց քննարկման՝ ես այդ պաշտոնյային աշխատանքից հեռացնելու եմ:

Եթե որևէ պետական պաշտոնյա, վարչական ռեսուրսի ենթարկվելով, գա այդ միջոցառումներին, ես այդ եկած պաշտոնյաներին էլ, առանց քննարկման, աշխատանքից ազատելու եմ, առավել ևս երեխաների հետ կապված եթե այսպիսի բան պարզվի:

Մյուս կողմից ուզում եմ ասել, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով մասնակցել միջոցառումների: Երբ երկրի վարչապետն այցելում է մի տեղ, չնայած ես շատ եմ տարբեր տեղեր այցելում, այնուամենայնիվ, դա սովորական և շարքային իրադարձություն չէ, և մարդիկ կան, որոնք ուզում են հաղորդակցվել այդ իրադարձության հետ»,- ասաց նա:

Փաշինյանը նաև ընդգծեց՝ եթե որևէ անձ վարչական ռեսուրսի կիրառմամբ, օրենքով արգելված ձևով փորձի սահմանափակել կամ պարտադրել քաղաքացիների մասնակցությունը՝ հատկապես նախընտրական շրջանում, ապա անկախ նրանից՝ արգելել է մասնակցությունը, թե հարկադրել է մասնակցել, հետևանքները լինելու են նույնը, քանի որ ՀՀ-ն ազատ և ժողովրդավարական պետություն է:

 

  • Կիսվել: