Եթե հայկական կողմն ընդուներ իմ առաջարկած պլանը, որը ՌԴ-ն էլ էր հավանում, ապա պարտությունը նրանց համար այսքան նվաստացուցիչ չէր լինի. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը "Национальная оборона" թերթին տված հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի եռակողմ պայմանավորվածությունների ձեռքբերման գործընթացից։ Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ անձնական ընկերական կապերը ՛՛թույլ են տվել Մոսկվային և Բաքվին համաձայնեցնել ու ընդունել եռակողմ հայտարարությունը՛՛։
Ալիևը, մասնավորապես, ասել է. ՛՛Ես ունեի առաջարկներ։ Վլադիմիր Վլադիմիրովիչը մասնակի արդեն իր հարցազրույցներից մեկում լույս է սփռել այդ իրադարձությունների վրա, այնպես որ չեմ ցանկանում մանրամասնել։
Հայտնի է սակայն, որ այդ առաջարկները հավանության էին արժանացել ռուսական կողմում, սակայն հայկական կողմը հրաժարվում էր, և ես կարծում եմ՝ ողբերգական, ճակատագրական սխալ է թույլ տվել, որովհետև եթե նրանք ընդունեին իմ կողմից առաջարկվող պլանը, որը Ռուսաստանն էլ էր հավանում, ապա պարտությունը նրանց համար այսքան նվաստացուցիչ չէր լինի, և հազարավոր զինծառայողներ՝ ինչպես մեր կողմից, այնպես էլ՝ հայկական, ողջ կմնային։ Այսինքն՝ այս մարդկանց մահվան մեղավորը հենց հայկական ղեկավարությունն է, որը պատերազմական գործողությունների ընթացքում առնվազն երկու անգամ բաց է թողել պատմական հնարավորությունը՛՛:
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Շուշին ՛՛ազատագրելուց հետո՛՛ Պուտինը զանգահարել է իրեն և ասել, որ ՛՛հայկական կողմը պատրաստ է իրականացնել այն, ինչ պետք է իրականացնի՛՛։
՛՛Նա հարցրեց՝ ՛՛Դուք մնո՞ւմ եք Ձեր դիրքորոշմանը՛՛։ Ես ասացի՝ «այո, ես իմ դիրքորոշումը չեմ փոխում, եթե նրանք մեզ հաստատում են մնացած գրավյալ տարածքներից զորքը ետ քաշելու ժամկետները, մենք դադարեցնում ենք՛՛,-պատմել է Ալիևը:
Նա հավելել է, որ այս զրույցը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 8-ին, որից հետո հաջողվել է հակամարտող կողմերի հետ համաձայնեցնել հայտարարության տեքստը:



