շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եթե երեք տարի առաջ այս պատերազմը լիներ, պարոն Մելքումյանը երևի Սերժ Սարգսյանի հետ Ստամբուլը արյան ծով էր սարքելու․ Ալեն Սիմոնյան

Եթե երեք տարի առաջ այս պատերազմը լիներ, պարոն Մելքումյանը երևի Սերժ Սարգսյանի հետ Ստամբուլը արյան ծով էր սարքելու․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին անդրադարձավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթին, որի ժամանակ պատգամավորը նշել էր, թե հետհեղափոխական Հայաստանը թույլ Հայաստան է:

Մելքումյանը, մասնավորապես, իր ելույթում ասել էր․

«Կառավարման դիմադրողականությունն ընկել է զրոյից ներքև, և երկիրը տանում եք վերջնական կոլապսային վիճակի: Այսօր մենք պետական պարտքը տարվա վերջին կհասցենք 73 տոկոսի համախառն ներքին արդյունքի նկատմամբ, թոշակ, աշխատավարձ չեք կարողանալու տալ, եվրոբոնդերն եք թողարկում, 2-3 ամիս էլ տաք, բա հետո ի՞նչ եք անելու: Այսօր երկիրը գնում է տոտալ աղքատացման, այսօր երկիրը կանգնած է անդունդի եզրին, և ես հավատում եմ, որ ժողովուրդը ոտքի կկանգնի, որ իրեն փրկի, ձեզ վրա այլևս հույս դնել չեն կարող»:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ միգուցե ընտրությունների ժամանակ փող չբաժանելը թուլության նշան է, եթե պետությունը դա թույլ չի տալիս, բանակից գողանալ թույլ չտալը թուլություն է:

«Եթե երեք տարի առաջ այս պատերազմը լիներ, պարոն Մելքումյանը երևի Սերժ Սարգսյանի հետ Ստամբուլը արյան ծով էր սարքելու, եթե Թուրքիան, վարձկաններն ու Ադրբեջանը հարձակվեին»,- նշեց Սիմոնյանը:

Անդրադառնալով ԲՀԿ-ական մյուս գործընկերոջ՝ Շաքե Իսայանի ելույթին՝ նշեց, «Իմ քայլը» խմբակցությունը պինդ է: Քաղաքական ճգնաժամի հետևանքով խմբակցությունից 3-4 պատգամավորի դուրս գալը ցույց է տվել այդ պնդությունը:

Սիմոնյանը կոչ արեց ընդդիմադիր գործընկերներին վերադառնալ կոնստրուկտիվ դաշտ՝ ի բարօրություն Հայաստանի, Արցախի, և դա անել ոչ թե галочка-ի համար, այլ ի բարօրություն բոլորի:

  • Կիսվել: