երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Եթե դուռը փակ է, ինչպե՞ս կարող ես երկխոսել անցյալի մասին. Փայլանը՝ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին

Եթե դուռը փակ է, ինչպե՞ս կարող ես երկխոսել անցյալի մասին. Փայլանը՝ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին

«Թրամփի ուղու» շուրջ հունվարին զարգացումներ կլինեն. Ամեն ինչ միաժամանակ կարող է առաջ շարժվել, և Թուրքիա-Հայաստանի հարաբերությունները, և Հայաստան-Ադրբեջան զարգացումները, և «Թրամփի ուղին»։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր հայ Կարո Փայլանը։

«Ես առավոտից երեկո սրա համար աշխատում եմ և Վաշինգտոնում, և Թուրքիայում, և Երևանում»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Փայլանը նկատեց, որ երկար ժամանակ կարծում էին, որ պետք է Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը և միայն դրանից հետո կարելի է հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ. «Բայց դժբախտաբար մենք շահ չունեցանք դրանից։ Իմ մեծ մայրիկը մեռավ առանց արդարության, և իմ հայրիկս էլ մեռավ առանց արդարության։ Ես չեմ ուզում մեռնել առանց արդարության։ Եթե ապագա չունես, եթե հարաբերություն չունես, եթե դուռը փակ է, ինչպե՞ս կարող ես երկխոսություն սկսել անցյալի վերաբերյալ։ Պետք է հիմա ապագա ունենալ՝ հարաբերություններ ունենալով։ Դուռը բաց մնալով կարող ենք ապագա կառուցել։ Դրանից հետո ավելի դյուրին կլինի անցյալի շուրջ խոսելը։

Դժբախտաբար, հիմա աշխարհում մութ ձմեռ է մարդու իրավունքների համար։ Աշխարհակարգը փոխվել է, անգամ լավ օրերին մենք արդարություն չկարողացանք գտնել։ Հիմա դա անկարելի է։ Բայց մենք արդարությունը չպետք է փնտրենք Վաշինգտոնում, Փարիզում, Բեռլինում, պետք է արդարությունը այս աշխարհագրության մեջ պահանջենք։ Երկխոսությամբ ամեն ինչ ավելի դյուրին կլինի։

Թուրքիայի ժողովուրդը հիմա պատրաստ է ասելու՝ գեշ բաներ ապրեցինք 1915-ին, բայց պատրաստ չէ դրա անունը դնել ցեղասպանություն։ Մենք էլ պետք է այս երկխոսությունը սկսենք միասնաբար։

Եթե ապագան կառուցենք, անցյալի մասին խոսելն էլ ավելի հեշտ կլինի»,– ընդգծեց Փայլանը։

  • Կիսվել: