ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եթե ցանկանում ենք տարածաշրջանում հասնել խաղաղության և կայունության, շատ կարևոր է սպառազինությունների վերահսկումը. պատգամավոր

Եթե ցանկանում ենք տարածաշրջանում հասնել խաղաղության և կայունության, շատ կարևոր է սպառազինությունների վերահսկումը. պատգամավոր

Խաղաղության պայմանագրի մեր խմբագրումներում ամբողջ բովանդակությունը կառուցված է այն երեք սկզբունքների հիման վրա, որոնք համաձայնեցվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև: Այն սկզբունքները, որ կան ապաշրջափակման վերաբերյալ՝ ինքնիշխանություն, հավասարություն և փոխադարձություն, պետք է արձանագրված լինեն համաձայնագրում: Այս մասին այսօր ՍԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ 2023-ի վերջին հայ պաշտոնյաները լավատես էին, թե պայմանագիրը կստորագրվի այս տարի, հիմա արդյոք հավանակա՞ն է դրա ստորագրումը, Խանդանյանը նկատեց՝ հույսերը պահպանվում են, և հայկական կողմը բաց է նույնիսկ ամենաբարդ հարցերն աշխատանքային մակարդակով քննարկելուն.

«Խնդիրը Ադրբեջանի վարքագիծն է և բանակցությունների սեղան վերադառնալու ու կառուցողական դիրքորոշումներ ձևավորելու մեջ: Երբ դա տեղի ունենա, ապա, իհարկե, հույս կա, որ մոտ ապագայում հնարավոր կլինի դա անել»,- նշեց նա:

Պատգամավորի խոսքով՝ եթե ցանկանում ենք տարածաշրջանում հասնել խաղաղության և կայունության, շատ կարևոր է նաև սպառազինությունների վերահսկումը, որի վերաբերյալ հայտարարություններ են հնչել հայկական կողմից, և որի մասին նախօրեին խոսել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Ադրբեջանի արձագանքն այս հայտարարություններին, ըստ նրա, ցույց են տալիս նրա իրական մտադրությունները:

«Աշխարհի բոլոր երկրները զինվում են, Հայաստանն էլ է զինվում, բայց մենք գիտենք, որ մենք զինվում ենք մեր սահմանները պաշտպանելու համար: Եվ նման պայմանագրային շրջանակը, եթե դա տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև, կարող է գործուն երաշխիք լինել, որպեսզի վստահ լինենք, որ երկրները սպառազինությունները ձեռք են բերում պաշտպանվելու նպատակով»,- ասաց պատգամավորը:

  • Կիսվել: