ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եթե այս կամ այն պայմանագիրը չի համապատասխանի ՀՀ շահերին, մենք կգնանք դրանից հրաժարվելու ճանապարհով. վարչապետ

Եթե այս կամ այն պայմանագիրը չի համապատասխանի ՀՀ շահերին, մենք կգնանք դրանից հրաժարվելու ճանապարհով. վարչապետ

Մենք ասում ենք, որ մեր քաղաքականությունը պետք է ավելի ու ավելի շատ հիմնված լինի ՀՀ պետական շահերի վրա: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի մասնակցությամբ պայմանագրերից հրաժարվելու հարցին:

«Համոզված եղեք, եթե կլինի եզրակացություն, որ այս կամ այն պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի շահերին, մենք չենք երերա և կգնանք նաև այդ ճանապարհով»,- ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է պետական համակարգը վերափոխելուն, ապա Փաշինյանն ընդգծեց, որ պետական համակարգը շատ մեծ է, և այնտեղ տեղի ունեցող փոփոխությունները շատ հաճախ միանգամից նկատելի չեն, բայց դրանք տեղի են ունենում: «Բայց նաև ուրիշ բան եմ ուզում ասել, թե ինչ պրոբլեմի հետ ենք մենք բախվում: Մենք կարող ենք ազատվել մարդկանցից, բայց ես հիմա չեմ խոսում ապապետական կատեգորիայի մասին, նրանց հետ կապված մեր վերաբերմունքը միանշանակ է, այո՛, նրանք պետք է դուրս բերվեն պետական կառավարման համակարգից, բայց կան նաև մարդիկ, ովքեր չարամիտ չեն, կամ հոգնած են, կամ նրանց հմտությունները արդեն ժամանակակից պայմաններին բավարար չեն, և կարող են այդ մարդիկ չաշխատել: Պետական համակարգում բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, և պատճառն այն է, որ այդ աշխատանքը գրավիչ չէ, աշխատավարձերը ցածր են: Նախ պետք է պետական համակարգում աշխատանքի գրավչությունը բարձրացնենք և պատասխանատվությունը բարձրացնենք:

Մենք հիմա պետական համակարգում կտրուկ գործողություններ ենք անում, բանակում էլ ենք կտրուկ գործողություններ անում, ու, ըստ էության, արդեն կամ ավարտել ենք, կամ մոտ ենք ավարտին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

  • Կիսվել: