չորեքշաբթի, հոկտեմբեր 16
16 / 10 / 2024
Էստոնիայի խորհրդարանի նախագահը փաստել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների նկատելի արդյունքների մասին

Էստոնիայի խորհրդարանի նախագահը փաստել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների նկատելի արդյունքների մասին

Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսսարի և խորհրդարանականների հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Ալեն Սիմոնյանը, ողջունելով գործընկերներին, շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի և ջերմ ընդունելության համար:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստան-Էստոնիա երկկողմ միջպետական հարաբերությունները և կարևորել միջխորհրդարանական կապերի շարունակական խթանումը:

«Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անվերապահ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը»,- ասել է խորհրդարանի ղեկավարը:

Լաուրի Հուսսարին փաստել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների նկատելի արդյունքների և Հայաստան-ԵՄ հարաբերությունների ակտիվացման մասին:

«Հայաստանը ժողովրդավար և վստահելի գործընկեր է մեզ համար: Էստոնիան պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը»,- նշել է Էստոնիայի խորհրդարանի ղեկավարը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, կարևորել ԵՄ ներգրավվածությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում:

«Խաղաղության հաստատման ճանապարհին Հայաստանի համար կարևոր են հիմնական երեք սկզբունքները՝ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումն ու սահմանագծումը` համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման, Հայաստան-Էստոնիա երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական և մշակութային համագործակցության, հայ-էստոնական միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները:

Խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդել է Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի հետ աշխատանքային ճաշը:

Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում, շրջայց կատարել Էստոնիայի Հանրապետության Ազգային ժողովում:

 

  • Կիսվել: