շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Էսկալացիայի որևէ հիմք ու հիմնավորում չկա. Փաշինյան

Էսկալացիայի որևէ հիմք ու հիմնավորում չկա. Փաշինյան

Եթե վստահության խնդիր չլիներ, կամ խաղաղության պայմանագիրը կամ վաղուց ստորագրված կլիներ, կամ խաղաղության համաձայնագրի կարիքը չէր լինի: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաեւ վստահության խնդիրներն են պատճառը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա կարգավորում, այդ թվում վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ: Վստահության պակասը կամ բացակայությունը չեմ կարծում, թե անակնկալ պետք է լինի այն միջավայրում, որում մենք գտնում ենք:

Կողմերն ունեն իրենց պատկերացնումները, թե ինչ հայտարարություններով պետք է առաջնորդվեն եւ մեր պատկերացումն այն է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մտղվի, ինչը նշանակում է առերեսվել բոլոր բարդությունների հետ եւ դրանք փորձել լուծել ու հասցեագրել:

Մենք այսօր, ըստ էության ունենք փաստաթուղթ, որը ընդունելի է եւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար: Հաջորդ փուլը, տրամաբանորեն, պետք է լինի այդ փաստաթղթի ստորագրումը:

Ինչ վերաբերում է էսկալացիոն լուրերի տարածումը, կարծում եմ՝ դրա նպատակներից մեկն այն է, որ նման լուրերի հոսքի ներքո քողարկել բուն լուրը: Իսկ բուն լուրն այն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստ է եւ սպասում է ստորագրման, հետեւաբար պետք է ստորագրվի:

Ես արձանագրել եմ, որ պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ»,- հայտարարեց Փաշինյանը: Նա նկատեց, որ հիմա էսկալացիայի որեւէ հիմք ու հիմնավորում չկա. «ՀՀ-ն եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը՝ ԽՍՀՄ հանրապետությունների սահմաններով»,- հայտարարեց վարչապետը:

 

  • Կիսվել: