հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Ես վստահ եմ, որ մենք սահմանադրական մեծամասնություն ստանալու խնդիրը կլուծենք. Արայիկ Հարությունյան

Ես վստահ եմ, որ մենք սահմանադրական մեծամասնություն ստանալու խնդիրը կլուծենք. Արայիկ Հարությունյան

Սովորաբար քաղաքական ուժերը խնդիրները դնում են իրենց առջև և փորձում են լուծել այդ խնդիրները. ես վստահ եմ, որ մենք խնդիրը կլուծենք, որովհետև վերջին մեր շփումները հանրության հետ, ընդհանուր տենդենցներն ու պրոցեսները ցույց են տալիս, որ մենք ունենք նման հնարավորություն։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 15–ին, ԿԸՀ–ում ՔՊ–ի ընտրական ցուցակը հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ շտաբի պետ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, թե արդյոք կկարողանան ընտրություններում ստանալ սահմանադրական մեծամասնություն, որպեսզի հնարավորություն ստանան հավանության արժանացնել Սահմանադրության նախագիծը։

Դիտարկմանը, որ իշխանությունը քննադատությունների թիրախում է հայտնվել այն բանից հետո, երբ ձերբակալվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու կին անդամներ, որոնցից մեկը՝ Գոհար Ղումաշյանը, մանկահասակ երեխայի մայր է, և «Ուժեղ Հայաստանից» դա մեկնաբանում են իշխանության վախերով, Արայիկ Հարությունյանն ասաց. «Գիտե՞ք մինչև 2018 թվականը ինչի ընդդիմությունը չէր հաջողում, որովհետև այդ ընդդիմությունը ռեալ իր ուժերն ու հնարավորությունները չէր կարողանում գնահատեր և ամեն թեժ աշուն, թեժ գարուն պրոցեսներում և նաև համապետական ընտրությունների ժամանակ մի հատ շատ չարչրկված և արդեն վերջում ծիծաղ առաջացնող արտահայտություն կար, որ հիմա այս ընդդիմությունն է սկսել կիրառել և օգտագործել՝ ռեժիմը խուճապի մեջ է։

Հարգելի գործընկերներ, մեր մոտ աշխատում են ինստիտուտներ, և երբ մարդը առհասարակ հանցանք է գործում, այս դեպքին չեմ անդրադառնում, լինի երիտասարդ կին, լինի ծեր տղամարդ, լինի պաշտոնյա, համակարգը արձագանքում է և ըստ սահմանված օրենքների, տվյալ դեպքում քրեական օրենսգրքի, գործում է։ Ինքը չի նայում, որ ընտրակաշառք տվողը ծեր մարդ է կամ մանկահասակ երեխա ունեցող մեկն է, մանավանդ, որ ես կարծում եմ, որ հակակոռուպցիոն կոմիտեն համապատասխան միջնորդություններ ներկայացնելիս առաջնորդվել է հումանիստական նկատառումներով»։

Անդրադառնալով նրան, որ այսօր ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք 65+ տոկոս ձայներ են ունենալու, արդյոք ՔՊ–ում արդեն նախապես դա որոշել են, ՔՊ շտաբի պետն արձագանքեց. «Գիտեք, եթե հիմա լիներ 2017 թիվը և դուք տեսած լինեիք բազմաթիվ կեղծված ընտրություններ, կարող էիք նման հարց տալ, բայց երբ որ անցել է ութ տարի և դուք գեթ մեկ կեղծված ընտրություն չեք տեսել, կարծում եմ այդպիսի հարցեր պետք չի տալ»։

Հիշեցնենք, որ քաղաքական ուժերի հայտերը ԿԸՀ–ն ընդունում է ապրիլի 13–ից մինչև ապրիլի 23–ը։ ՔՊ–ն առաջին քաղաքական ուժն է, որ այսօր ներկայացրել է իր ցուցակը ԿԸՀ։

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մայիսի 8-ից ու կշարունակվի մինչև հունիսի 5-ը ժամը 24:00-ը։

  • Կիսվել: