Ես վստահ եմ, որ կձևավորվի «ոչ»-ի շտաբ, որովհետև «սուրբ» տեղը դատարկ չի մնա. Ալեն Սիմոնյան
Բոլոր այն մարդիկ, որոնք ասում են՝ «ոչ»-ի շտաբ չի ձևավորվելու, նրանք քաջ գիտակցում են, որ «այո»-ն հաղթելու է։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Նա միաժամանակ նշեց, որ «ոչ»-ի շտաբ կբացվի։ «Ես վստահ եմ, որ կձևավորվի «ոչ»-ի շտաբ, որովհետև «սուրբ» տեղը դատարկ չի մնա, և օրենքը դրա կարգավորումը տվել է։ Վստահ եմ, որ կլինեն, արդեն մարդիկ կան, որ դրա մասին հայտարարում են համացանցում, արդեն պտտվում է «ոչ հակասահմանադրական հանրաքվեին» լոզունգը։ Վստահ եմ, որ կլինի»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, թե երեկ Սահմանադրական դատարանի դատավորներ են եկել ԱԺ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ իր ունեցած տեղություններով ՍԴ որևէ դատավոր ԱԺ մուտք չի գործել. «Այսօր պարոն Միրզոյանի հետ խոսել եմ, նման տեղեկություն չկա, վստահ չեմ, որ նման հանդիպում եղել է։ Փաստացի վարչապետն իր ելույթում հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել նրանց հետ»։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ հանրաքվեն կանցկացվի՞, եթե ՍԴ դատավորները և նախագահը դրանից 2 օր առաջ հրաժարական տան, Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ ենթադրում է, որ հանրաքվեն կկայանա։
«Բացառում եմ, որ բոլորը հրաժարական կտան, չեմ կարծում, որ տենց բարձր գիտակցության և համարձակ քայլի բոլորը կգնան»,- ընդգծեց նա։