«Ուզում եք «կոխցրած» ու՞ր գնանք, շտապողները թող գնան», «Բայց ո՞վ էր ձեզ բան ասել». Բագրատյանն ու Սիմոնյանը վիճեցին
ԱԺ նիստի ընթացքում այսօր միջադեպ տեղի ունեցավ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև։
Հերթական նախագծի քննարկման ընթացքում հարցերի հերթագրման ընթացքում Ալեն Սինոնյանը չնկատեց, որ Սերգեյ Բագրատյանը գրանցվել է, Երբ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հուշեց՝ Սիմոնյանը վրդովվեց. «Պարոն Բագրատյան, դե մի քիչ շուտ սեղմեք էլի, չեմ հասցնում տեսնել»։
Բագրատյանն էլ հակադարձեց, թե շնորհակալ է, տեխնիկական հնարքները իրեն հուշելու համար։
«Ես հարց չէի տա, բայց հատուկ տալու եմ, որովհետև տեսնում եմ՝ Դուք շտապում եք, որ շուտ քվեարկենք: Եկել ենք այստեղ աշխատելու համար, ժողովուրդ ջան: Լիքը լուրջ հարցեր կան, դուք ուզում եք ո՞ւր գնաք, սենց կոխցրած շուտ քվեարկեք: Հարց մի՛ տվեք, ձեն մի՛ հանեք, սո՛ւս: Չի կարելի, ժողովուրդ ջան, մենք աշխատավարձ ենք ստանում ու բարձր աշխատավարձ ենք ստանում, և պետք է մեր հարցերով պարզաբանենք էս օրենքները: Հիմա օրենք ենք ընդունել, եկեք մի քաղաքացու հարցնենք, եթե մեկն իմանա՝ ինչի մասին է, ես ականջներս կկտրեմ»,- ասաց պատգամավորը:
Բագրատյանն առաջակեց՝ ով շտապում է, թող նա էլ գնա: «Եթե շտապում ենք ժողովուրդ ջան, եկեք այսպես պայմանավորվենք՝ նախագիծը բերենք, ոչ էլ քննարկենք, քվեարկենք գնա: Շատ պրոբլեմ ունենք մեր տնտեսության մեջ, եկեք աշխատենք: Ով շտապում է, թող գնա, մենք էլ մնանք աշխատենք»,- ասաց նա:
Ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց. «Պարո՛ն Բագրատյան, բայց Ձեզ ո՞վ էր բան ասել, որ Դուք վրդովվեցիք, ուզում եմ հասկանալ: Որևիցե մեկը որևիցե մեկին չի շտապեցրել, էլ չեմ ասում, որ տախտակի վրա չի երևում, երբ ես նայեցի, որ Ձեզ ձայն տամ: Դուք մշտապես երբ հարց եք ուզեցել տալ, տվել եք: Խնդրում եմ՝ չընդհանրացնել և որևէ մեկին չմեղադրել ինչ-որ տեղ շտապելու համար, ես հաստատ ոչ մի տեղ չեմ շտապում»: