ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ես մեծ կարևորություն եմ տալիս մեր այցին Հնդկաստան. ԱԳ նախարար

Ես մեծ կարևորություն եմ տալիս մեր այցին Հնդկաստան. ԱԳ նախարար

Ես մեծ կարևորություն եմ տալիս մեր այցին Հնդկաստան: Այցի շրջանակներում մենք բավականին արդյունավետ քննարկումներ ունեցանք Հնդկաստանի ԱԳ նախարար Ջայշանկարի հետ: Նաև ընդունելության արժանացանք Հնդկաստանի վարչապետ Մոդիի կողմից: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով իր՝ վերջերս Հնդկաստան կատարած այցի մանրամասները:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Կհիշեք՝ անցյալ տարի կայացել էր Հնդկաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան, և այդ ժամանակ մենք հարաբերությունների խորացման ճանապարհային քարտեզ էինք մշակել և կոնկրետ քայլեր էինք նախանշել: Եվ ահա, այս այցը լավ հնարավորություն էր՝ ի մի բերելու, ամփոփելու այն ամենն, ինչ արվել էր արդեն և նախանշելու այն ուղղությունները, որով պիտի շարունակենք զարգացնել մեր հարաբերությունները:

Իսկ մենք, կարծում եմ, շատ շահագրգռված ենք և հետաքրքրված ենք Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացմամբ: Դա մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններից մեկն է: Եվ մեր հետաքրքրությունները և՛ քաղաքական երկխոսության մակարդակի վրա են, և՛ տնտեսական, և՛ այլ ոլորտներին են առնչվում: Եվ Դուք ինքներդ նշեցիք, որ մեր այցի ընթացքում մեր պատվիրակությանն ուղեկցում էր բիզնես շրջանակներ ներկայացնող բավականին լուրջ մի պատվիրակություն: Հնդկաստանում, մասնավորապես՝ Նյու Դելիում և Մումբայում տեղի ունեցան գործարար շրջանակների միջև հանդիպումներ, բիզնես-ֆորումներ, և այլն: Ձեռք բերվեցին շատ լավ կոնտակտներ, նախնական պայմանավորվածություններ:

Անշուշտ, պետությունը պետք է միջավայրն ապահովի, որտեղ կարող են բիզնես-բիզնես ուղիղ կոնտակնտները տեղի ունենալ, մնացածը, թերևս, նաև մեր գործարար շրջանակներից է կախված: Կարող եմ ներկայացնել նաև որոշակի արձագանք նույն այդ գործարար շրջանակներից: Բավականին ոգևորություն կար նրանց շրջանում, և կարծում են, որ մենք կունենանք շատ շոշափելի արդյունքներ՛՛:

Նախարարը հավելեց, որ իրենք նաև նախանշում են Հնդկաստանից գործարար պատվիրակության այց Հայաստանի Հանրապետություն, որը, նրա խոսքով, հնարավորություն կտա նոր պայմանավորվածություններ ձեռք բերել, կամ եղած պայմանավորվածությունները կյանքի կոչել:

՛՛Նաև, եթե նկատել եք, ես հնարավորություն ունեցա մասնակցել և ելույթ ունենալ «Raisina Dialogue» կոչվող միջազգային, քաղաքական-դիվանագիտական երկխոսության հարթակում, և դա էլ լավ հնարավորություն էր՝ մեր դիրքորոշումները ներկայացնելու՛՛,-ասաց Միրզոյանը:

  • Կիսվել: