հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ես կերազեմ լինել ՀՀ ղեկավարի ենթակա, երբ Արցախը կդառնա Հայաստանի մաս. Արցախի նախագահի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին

Ես կերազեմ լինել ՀՀ ղեկավարի ենթակա, երբ Արցախը կդառնա Հայաստանի մաս. Արցախի նախագահի պատասխանը Ռոբերտ Քոչարյանին

Ես երկար եմ մտածել պատասխանել, թե ոչ Արցախի առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այսպես արձագանքեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի խնդրանքին մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը առ այն, որ Արայիկ Հարությունյանը ենթարկվում է ՀՀ իշխանություններին:

«Երևի ենթակա ասելով նա նկատի ունի, որ ես իմ պաշտոնավարման 100 օրվա ընթացքում ավելի շատ եմ հանդիպել ՀՀ վարչապետի հետ, քան Արցախի ցանկացած նախագահ Հայաստանի Հանրապետության ցանկացած նախագահի հետ իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում: Այս մի քանի ամիսների ընթացքում շատ ավելի մեծ մասնակցություն ու ներգրավվածություն եմ ունեցել մեր երկու երկրների անվտանգային ծրագրերին, քան եղել է նախկինում: Երևի նա նկատի ունի, որ նախկինում ԱՀ և ՀՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստեր չեն եղել, հիմա լինում են»,- հավելեց ԱՀ նախագահը:

«Չեմ ուզում շատ փաստեր բերեմ, բայց գոնե ես տեղյակ եմ նախկինում ՀՀ իշխանությունների վերաբերմունքին Արցախի իշխանություններին և այսօրվա իշխանությունների վերաբերմունքին: Մի փաստ էլ ասեմ և սահմանափակվեմ: Ես ժամանակին եղել եմ Արցախի խորհրդարանի ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ և Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ նրան ասել եմ, որ Արցախի ֆինանսական համակարգը զարգացնելու համար պետք է ԱՀ կառավարությունը թողարկի ֆինանսական պարտատոմսեր, պատասխանը չեմ ասի»,- փակագծերը չբացեց ԱՀ նախագահը:

Ըստ նրա` այսօր Արցախի ֆինանսական համակարգը համարվում է ՀՀ ֆինանսական համակարգի մի մաս, բայց շատ ավելի մեծ ինքնուրունություն ունի քան երբևէ: Հայաստանի կառավարության երաշխիքները ընդունվում են, պարտատոմսերը համարվում են պետական պարտատոմսեր. «Այն ժամանակ դա չկար, շատ բաներ չեմ էլ կարող բարձրաձայնել»,- հավելեց նա:

Ապա Արցախի նախագահը անկեղծացավ. «Նախ ես կերազեմ լինել ՀՀ ղեկավարի ենթակա, երբ Արցախը կդառնա Հայաստանի մաս, դա մեր բոլորիս երազանքն է, բայց դրան հասնելու համար շատ երկար ճանապարհ դեռ կա, իսկ մեր գործընկերային, արժանապատիվ հարաբերությունները թող ոչ մեկը կասկածի տակ չդնի և այս հարաբերությունները նպաստում են Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի, սոցիալ- տնտեսական զարգացմանը»:

  • Կիսվել: