հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց դա չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշում. վարչապետ

Վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության, բայց դա չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշում. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած վերջին հարձակման արդյունքում օկուպացրել է 10 քառակուսի կիլոմետր տարածք։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ  հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նա նշեց նաև, որ 2021 թվականի մայիսի 12-ի ներխուժման հետևանքով ադրբեջանական կողմը օկուպացրել էր Հայաստանի 40 քառակուսի կմ տարածք։

«Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալ ծանր որոշումների՝ հանուն խաղաղության։ Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք այդ որոշումների պետք է գնանք՝ երաշխավորելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, տևական կայունությունն ու խաղաղությունը։ Մենք չենք կարող այսօր վերնագրերի ներքո գրենք «խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք, որի արդյունքում 6 տարի հետո նոր պատերազմ կսկսվի։ Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում լիքը մարդ մեզ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ «դավաճան» կասի, նույնիսկ կարող է՝ ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի։ Էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 800 քառակուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Այն որոշումը, որ սա ապահովելու է, ես, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում հետո ինչ կլինի ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի հետ»,- ասաց վարչապետ Փաշինյանը։

Նա գոհունակություն հայտնեց, որ ՀՀ-ում կա խորհրդարանական մեծամասնություն, որը հնարավորություն է տալիս, որ ինքն այդ պատասխանատվությունը կրի։

  • Կիսվել: