երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ես ինձ ամեն ինչում մեղավոր եմ համարում․ ՀՀ վարչապետ

Ես ինձ ամեն ինչում մեղավոր եմ համարում․ ՀՀ վարչապետ

Ես ինձ ամեն ինչում մեղավոր եմ համարում։ Այս մասին այսօր ԱԺ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Ըստ Փաշինյանի, սակայն, ինքը մեկ խնդիր ունի։

«Բայց ես մի պրոբլեմ ունեմ. երբ որ ես թուղթ ու գրիչը վերցնում եմ, սկսում եմ ձևակերպել իմ մեղադրական եզրակացությունը, մեկ էլ ինչ-որ մի տեղ մտնում եմ փակուղի», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, թե ինքն ակնկալում է, որ ընդդիմությունն իրեն կօգնի այս հարցում։

«Գալիս, ինձ ասում են՝ Կովսականը տվիր, հետո ասում են՝ պատերազմը չկանգնեցրիր, հետո բացում ենք ու տեսնում, որ Կովսական չէ, այլ Զանգելան, որը պիտի վերադարձվեր, այդ թվում՝ Կազանի փաթեթում, բայց որի վերադարձը, Սերժ Սարգսյանի վկայությամբ, բավարար չի եղել խնդիրը լուծելու համար։ Դրա համար ասում եմ՝ հարգելի գործընկերներ, ձեր պրոբլեմն այն է, որ մի նախադասության մեջ ինձ մեղադրում եք, որ Կովսականը հանձնել եմ, մյուս նախադասության մեջ մեղադրում եք, որ Զանգելանը չեմ հանձնել։ Ես ինձ մեղավոր եմ ճանաչում ու զգում, բայց ես մեղադրական տեքստը, որ սկսում եմ գրել, գալիս ու «տուպիկի» առաջ եմ կանգնում»,- ասաց վարչապետը։

Նա ասաց, թե ընդդիմությունը մեկ ամիս շարունակ իրեն մեղադրել է, որ Շուշին հանձնել է, մի ամիս հետո պարզվել է՝ չէ, ուրիշ բանի մեջ է մեղավոր, որ Շուշին չի համաձայնել փաստացի հանձնել։

«Սա քաղաքական ձև չէ, ես լուրջ եմ ասում։ 2018-ից ես հլը չեմ մտել վարչապետի կաբինետ, ճանապարհին եմ, արդեն բոլորն ասում են՝ հողերը տալիս է, հողերը տալիս է, ո՞վ, ի՞նչ հող, ես ընդհանրապես տեղյակ չեմ, հլը մատով չեմ կպել բանակցային գործընթացին։ Հետո էլ ասում են՝ հողերը չտվեց, ասում են՝ սա ոչմիթիզական էր, ինչ էր, էս էր, էն էր»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հայտարարեց, թե երկու անգամ մտքով անցել է՝ իշխանությունն իրեն զիջեցին, որովհետև գիտեին՝ «ինչ է գալու գլխներին»։

«Անցել է մոտքովս, բայց դրա մասին ոչ մի տեղ ոչ մի անգամ բարձրաձայն չէի ասել»,- անկեղծացավ Փաշինյանը։

  • Կիսվել: