ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ես հավատում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարին. Մարուքյան

Ես հավատում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարին. Մարուքյան

Մինչև մենք պատրաստվում էին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից պարզաբանումներ պահանջել ՌԴ ԱԳ նախարար Սրեգեյ Լավրովի հայտարարությունների վերաբերյալ, Զոհրաբ Մնացականյանը հստակ հերքեց սեղանի վրա եղած որևէ փաստաթղթի հարցը։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Էդմոն Մարուքյանը։

«Հետևաբար, այստեղ հարց է առաջանում՝ որ արտաքին գործերի նախարարին հավատալ։ Ես հավատում եմ ՀՀ արտգործնախարարին»,- նկատեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ ՀՀ արտգործնախարարությունը պետք է պարզաբանումներ պահանջի ՌԴ ԱԳՆ-ից, ավելին՝ կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ պետք է անդրադառնա այս թեմային, քանի որ այս հարցը շատ է շահարկվում Հայաստանի ներքաղաքական կյանքում:

«Այն ամենահստակ ձևով պետք է պարզաբանվի, որ որևէ ձևով շահարկման տեղիք չտա: Հայաստանում չեմ պատկերացնում իշխանություն, որը կարող է գնալ այնպիսի զիջումների, որոնք ներկայացված են այդ փաստաթղթի շրջանակում», - ասաց պատգամավորը:

Մարուքյանը նաև նշեց, որ ՀՀ արտգործնախարարությունը պետք է պարզաբանում պահանջի առ այն, որ տեղեկատվություն է տարածվում շատ բարձր մակարդակում, որը մեր Արտգործնախարարությունը պնդում է՝  չի համապատասխանում իրականությանը:

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, խորհրդարանական ուժի ղեկավար, հավատում եմ ՀՀ ԱԳՆ-ին, բայց միևնույն ժամանակ պահանջում եմ, որ համապատասխան պարզաբանումներ պահանջվեն ՌԴ արտաքին գերատեսչությունից: Նաև պահանջումեմ, որ հարցին անդրադառնա վարչապետ Փաշինյանը և հստակ հերքի այդ տեղեկատվությունը»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-ին հայտարարել էր, որ ակտիվ քննարկվում են անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ առաջարկված Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումները։ Խոսքը, ըստ նրա, ԼՂ հակամարտության փուլային կարգավորման մասին է, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած մի շարք շրջանների ազատում, հաղորդակցությունների ապաշրջափակում:

Ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել էր, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով․ միակողմանի զիջումներ չեն եղել և չեն լինելու։

 

  • Կիսվել: