ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ես հասկանում եմ, որ ընտրություններից առաջ պետք է քաստինգը անցնեն մեր ընդդիմադիր գործընկերները. Ավինյան

Ես հասկանում եմ, որ ընտրություններից առաջ պետք է քաստինգը անցնեն մեր ընդդիմադիր գործընկերները. Ավինյան

Այսօր մենք լսեցինք տարատեսակ քննադատություններ Երևանի քաղաքապետարանի իրականացրած աշխատանքների վերաբերյալ, և այսօր քննարկում էինք կանաչ կլիմայական այն ծրագրերը, որոնք իրականացվել են և իրականացվելու են Երևանում։ Այս մասին այսօր՝ Երևանի ավագանու նիստում իր ունեցած ելույթում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երբ լսում ես ընդդիմությանը, շատ տարօրինակ սայթաքումներ ես նկատում, օրինակ, ասում են՝ փողերը հավաքագրեցիք, ավտոբուսներ գնեցիք։ Այո, փողերը հավաքագրեցինք, ավտոբուսներ գնեցինք, չտարանք մանկապարտեզները երեք կոպեկով գրպանեցինք։ Փողերը հավաքագրեցինք, չտարանք Սևանի ափին մեզ դղյակներ սարքեցինք»,–ասաց նա։

Այդ ընթացքում դահլիճում աշխուժություն նկատվեց, տեղից ավագանու ընդդիմադիր անդամները ինչ–որ բան էին ասում, ինչին Ավինյանն արձագանքեց. «Ես հասկանում եմ, որ այս ջղաձգումները։ Երբ խոսքը վերաբերում է պետական բյուջեի վատնմանը և յուրացմանը, ձեզ մոտ դա ջղաձգում է առաջացնում։

Այս ջղաձգումները բնական են, որովհետև հիմա համապետական ընտրությունների համար պետք է քաստինգը անցնեն մեր ընդդիմադիր գործընկերները։ Ինչքան այստեղից ավելի խրոխտ ելույթ ունենաք այն թեմաների վերաբերյալ, որ հենց ձեր քաղաքական, մերձքաղաքական անձերին են վերաբերում, ինչքան լավ իրենց պաշտպանեք, այդքան բարձր տեղի եք հավակնում 2026 թվականի ընտրությունների տարբեր կուսակցությունների ցուցակներում։

Սիրելի Երևանցիներ, սա այն պատկերն է, որ մենք այսօր ունենք։ Այո, Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին փողերը հավաքագրել է, կառուցել է մանկապարտեզներ, կառուցել է բակեր, ճանապարհներ։ Վերջին 3.5 տարում 60 հեկտար կանաչ տարածքներ ենք ստեղծել։ Ի՞նչը լավ էլի, այ ձեր ցավը տանեմ, դրան նախորդող 22 տարիներին ձեզ հետ աֆիլացված իշխանությունները դրանից պակաս են ստեղծել, կանաչ տարածքները նվազել են այդ ընթացքում»,– հայտարարեց քաղաքապետը։

Տեղից «Մայր Հայաստան» խմբակցությունից Սամվել Հակոբյանը հայտարարեց, որ եթե իրենք էլ վճարները 10 անգամ ավելացնեին, իշխանությունից 100 անգամ ավելի շատ քայլեր կարող էին անել։

«Ավինյանը շարունակեց. «Ես ջղաձգումները հասկանում եմ՝ ինչից է։ Սիրելի երևանցիներ, Երևանի քաղաքապետարանը այսօր ծառայում է քաղաքին, այսօր ծառայում է ձեզ։ Անկեղծ ասած, նաև խոշոր ծրագրերի մասով եմ ուզում շատ հստակ ասել, որ ես նույնիսկ ուրախ եմ, որ այս կասկածամտությունը օդում կա։ Ընդդիմությունը ինչքան Աջափնյակի մետրոյի հարցը բարձրաձայնի, ինչքան այս խոշոր ծրագրերից խոսա, ինչքան ասի, որ չի լինելու, ես միմիայն ուրախ եմ, որովհետև այն օրվանից, որ սկսեց մետրոյի կայարանը կառուցվել, ես ուզում եմ էդ դեմքերը տեսնել»։

  • Կիսվել: