ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ես համաձայն եմ՝ պատկան մարմինները կարող են հանգիստ ուսումնասիրել իմ վերաբերյալ ցանկացած տեղեկություն․ Վլադիմիր Վարդանյան

Ես համաձայն եմ՝ պատկան մարմինները կարող են հանգիստ ուսումնասիրել իմ վերաբերյալ ցանկացած տեղեկություն․ Վլադիմիր Վարդանյան

Պանդեմիայից հետո մենք նոր իրավական իրականության մեջ ենք հայտնվելու , վստահ եմ, չի վիճարկվի, որ մարդու իրավունքների իրավական կոնցետը փոփոխությունների է ենթարկվում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Հիշեցնենք՝ կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ։ Օրակարգի հարցերը բխում են արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի դեմ պայքարի գործողությունների։

Մասնավորապես, կառավարությունը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկում է նոր մեխանիզմների ներդրմամբ հավաքագրել հեռախոսազանգերն ու հաղորդագրությունները՝ վարակակրի ու կոնտակտավորների հնարավոր կապի վերաբերյալ համաճարակաբանական հետաքննություն իրականացնելու համար։ Նախագծերի փաթեթը ներկայացնելիս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել էր, որ հեռախոսազանգերի ու հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի չի լինելու։

«Ես եղել եմ, կամ և կմնամ պանդեմիայի դեմ պայքարելու հարցում առավել կոշտ միջոցների կիրառման կողմնակից, բայց միջոցառումը պետք է լինի կոշտ և անհրաժեշտ, կոշտ և արդյունավետ։ Եթե այն կոշտ է, բայց ոչ արդյունավետ, ապա դա չի համապատասխանում միջազգային ստանդարտներին», - նշեց Վարդանյանը։

«Իմ քայլի» պատգամավորն ասաց, որևէ խնդիր չի տեսնում, և պատկան մարմինները կարող են իր վերաբերյալ ցանկացած տեղեկություն՝ հեռախոսազանգեր, գեոլոկացիա, հանգիստ ուսումնասիրել։

«Ես տալիս եմ իմ համաձայնությունը, տալիս եմ կամավոր, որովհետև հասկանում եմ, որ դա անհրաժեշտ է», -հայտարարեց Վարդանյանը։

  • Կիսվել: