ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ես չեմ սուբյեկտը». Ռուբինյանը Թուրքիայի հետ փաստաթուղթ ստորագրելու իրավունք չունի

«Ես չեմ սուբյեկտը». Ռուբինյանը Թուրքիայի հետ փաստաթուղթ ստորագրելու իրավունք չունի

Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչի հետ աշխատում է նախարարության աշխատակիցներից ու դիվանագետներից կազմված աշխատանքային խումբ։ Այսօր ԱԺ–ում, ի պատասխան ընդդիմության հնչեցրած հարցերի, հայտարարեց Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
 
Նա նաև ասաց, որ մինչ Թուրքիայի ներկայացուցչի հետ հանդիպման մեկնելը խորհրդակցել է նախկինում այդ երկրի հետ բանակցած մասնագետների հետ։
 
ԱԺ փոխնախագահը նաև հայտարարեց, որ ինքը որևէ փաստաթուղթ ինքնուրույն ստորագրելու կամ որոշում կայացնելու իրավունք չունի։
«Կարո՞ղ եմ ասել` այսպես է ու վերջ։ Իհարկե, ոչ, որովհետև ես ներկայացուցիչն եմ, նշանակում է` ես չեմ այն սուբյեկտը, որը կայացնում է որոշումը։ Սուբյեկտը կառավարությունն է, և, ըստ իրավիճակի, կառավարությունը որոշում կկայացնի, եթե այդպիսի կետի հասնենք»,– ասաց նա։
Հատուկ ներկայացուցիչը վստահեցրեց, որ բաց է հրապարակային ու ոչ հրապարակային ցանկացած քննարկման համար, ուստի ցավում է, որ հարցի քննարկումներն անցնում են ծայրահեղ մանիպուլյացիոն մթնոլորտում։
 
Փոխարենը Ռուբինյանն ընդդիմադիր խմբակցություններին առաջարկեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումները սկսել սեփական դիրքորոշումը հայտնելուց։
 
«Մեր քաղաքական ուժը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց նախապայմանների։ Ես կոչ եմ անում երկու ընդդիմադիր խմբակցություններին ևս դիրքորոշում արտահայտել հետևյալ հարցի շուրջ` արդյոք երկու ընդդիմադիր խմբակցությունները կո՞ղմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց նախապայմանների։ Այո կամ ոչ։ Այս հարցի պատասխանը ստանալուց հետո ես առաջարկում եմ անցնել բովանդակային քննարկումների` ինչու այո կամ ինչու ոչ, եթե այո, ապա ինչպես։ Եվ այսպես շարունակ»,– ասաց Ռուբինյանը` հիշեցնելով, որ Թուրքիան ևս իր հայտարարության մեջ նշել է, որ պայմանավորվել է բանակցությունները շարունակել առանց նախապայմանների։
 

  • Կիսվել: