երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ես չեմ մտածում, թե արևմտյան երկրները պետք է լուծեն ստեղծված իրավիճակը. դա առաջին հերթին Հայաստանի, Ադրբեջանի, նաև Լեռնային Ղարաբաղի անելիքն է. Փաշինյան

Ես չեմ մտածում, թե արևմտյան երկրները պետք է լուծեն ստեղծված իրավիճակը. դա առաջին հերթին Հայաստանի, Ադրբեջանի, նաև Լեռնային Ղարաբաղի անելիքն է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման- Վարչապետ Փաշինյան, շնորհակալություն այս հանդիպման և հարցազրույցի համար։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը բախվել է դժվար իրավիճակի, տեսնում ենք, որ Լաչինի միջանցքը դեռ փակ է ներմուծվող ապրանքների համար՝ ստեղծելով շատ դժվար իրավիճակ, սով Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի համար։ Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը կարողանում են լքել տարածաշրջանը դեպի Հայաստան։ Դուք վերջերս նշել եք, որ ճանաչում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը։ Հայերի Լեռնային Ղարաբաղից դուրս գալու այս շարժերը կարո՞ղ են վկայել այն մասին, որ սա Լեռնային Ղարաբաղում հայերի ներկայության վերջի սկիզբն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Այս պահի դրությամբ մեր իրավիճակը հետևյալն է. որոշ թվով մարդիկ, որոնք ունեն առողջական խնդիրներ, Կարմիր խաչի միջոցով տեղափոխվում են Հայաստան և որոշ թվով քաղաքացիներ, հիմնականում ուսանողներ, որոնք սովորում են Հայաստանում՝ ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխվել են Հայաստան:

Ընդհանուր առմամբ, դրանից առաջ կա լուրջ խնդիր: Իսկ լուրջ խնդիրը հետևյալն է, որ դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Լեռնային Ղարաբաղի շուրջ 5000 բնակիչ չի կարողանում վերադառնալ և նաև Լեռնային Ղարաբաղի մոտավորապես 30 հազար բնակիչներ նույնպես չեն կարողանում վերադառնալ, այս խմբի մեջ են այն մարդիկ, ովքեր 2020 թվականի պատերազմի ընթացքում լքել են իրենց բնակավայրերը, քանի որ դրանք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Բայց այս մարդկանց խնդիրը պիտի լուծված լիներ: Այսինքն՝ դե յուրե լուծված է, դե ֆակտո լուծված չէ, որովհետև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետում արձանագրված է, որ ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, և այս կատեգորիայի մեջ մտնող մոտավորապես մի քանի տասնյակ հազար հայ կա, որ այսօր փաստացի զրկված է այդ հնարավորությունից:

Իսկ, ընդհանուր առմամբ, մենք չենք էլ թաքցրել, և ես Կառավարության վերջին նիստում խոսել եմ այդ մասին, որ մեր դիտարկմամբ և գնահատմամբ՝ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելն է, և դա է պատճառը, որ, ըստ էության, արհեստական հումանիտար ճգնաժամ է ստեղծվել՝ Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու միջոցով: Եվ Լաչինի միջանցքի խնդիրն էլ պիտի դե յուրե լուծված լիներ, որովհետև գիտեք, որ Արդարադատության միջազգային դատարանն իրավական պարտադիր որոշում է կայացրել, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով երկկողմանի, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ քաղաքացիների, բեռների, տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Բայց, քանի որ այդ որոշումը, որը կայացվել է 2022 թվականի փետրվարի 22-ին և վերահաստատվել 2022 թվականի հուլիսի 6-ին, չի կատարվում: Դա արդեն Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամից հետո գալիս է վկայելու նաև, եթե կարող ենք այսպես ասել, միջազգային իրավակարգի ճգնաժամի մասին, որովհետև, եթե դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը չի կայացվում, նման հետևություններ կարող են լինել:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման
 - Լաչինի միջանցքի կենսունակությունը պետք է երաշխավորվեր ռուս խաղաղապահների միջոցով։ Բայց մենք գիտենք, որ դա տեղի չի ունենում, գիտենք, որ փաստացի Ադրբեջանն է վերահսկում այս միջանցքը։ Մենք գիտենք, թե այդ պրոցեսն ինչպես է տեղի ունեցել՝ կեղծ բնապահպաններ և այլն։ Բայց կարո՞ղ եք բացատրել քաղաքական այն իրավիճակը, որը Ռուսաստանին հետ է պահում միջամտելուց, որպեսզի 2020թ-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը հարգվի, որով Ռուսաստանը պետք է վերահսկեր Լաչինի միջանցքով տեղաշարժը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես չեմ կարող գնահատական տալ այդ առումով, բացի համաձայնվելուց այն ձևակերպման հետ, որ, ըստ էության, այո, ստացվում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը: Եվ սա լուրջ մտահոգության առիթ է: Եվ, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հիմնական նպատակներից մեկը հենց քաղաքացիական հասարակության, քաղաքացիական բնակչության անվտանգությունն է: Տվյալ դեպքում անվտանգությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքը, չի ապահովվում, և դա իսկապես մտահոգիչ փաստ է:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման - Դուք Շառլ Միշելի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցում եք բրյուսելյան եռակողմ բանակցություններին։ Դուք փորձում եք խաղաղության պայմանագրի շուրջ բանակցել։ Խաղաղության բանակցություններն ի՞նչ փուլում են հիմա, որքանո՞վ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը տեսանելի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան 
- Շատ դժվար է գնահատել, որովհետև սկզբից մենք լավ առաջ ընթացանք այն պատճառով, որ կենտրոնացել էինք հիմնականում այն հոդվածների վրա, որոնց շուրջ հակասությունները կարող են և այնքան մեծ չլինել, բայց ինչքան ավելի շատ հոդվածներ են համաձայնեցվում, չհամաձայնեցվածների ցանկում մնում են առավել դժվար հոդվածները՝ սրանից բխող հետևանքներով: Բայց մյուս կողմից, մեր կառավարության դիրքորոշումն ու մոտեցումն է, որ խաղաղության օրակարգը պետք է անպայման առաջ մղվի, և մենք փորձում ենք ամեն ինչ անել ռեալ առաջընթաց ունենալու, ավելի ճիշտ ոչ թե առաջընթաց, այլ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ: Եվ այստեղ կարևոր են ոչ միայն այն պրոցեսները, որ բանակցային սեղանի շուրջ են տեղի ունենում, այլև այն պրոցեսները, որ տեղի են ունենում հրապարակային:

Մասնավորապես, վերջերս մենք Ադրբեջանի հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություն Բրյուսելում, դրանից առաջ էլ Պրահայում էր՝ պայմանավորվածության մի հատված, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելով՝ պետք է խաղաղության պայմանագիր կնքեն: Սա տեղի ունեցավ Պրահայում, երբ մենք համաձայնվեցինք հղում անել Ալմաթիի հռչակագրին, որն արձանագրել էր հետևյալը՝ խորհրդային հանրապետությունները Խորհրդային Միության փլուզումից հետո դառնում են անկախ պետություններ Խորհրդային Միության հանրապետությունների այդ պահին գոյություն ունեցող ադմինիստրատիվ սահմաններով: Սրանից հետո անհրաժեշտություն առաջացավ ավելի կոնկրետացնել պետությունների չափերը՝ Հայաստանի և Ադրբեջանի, և մենք Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86 600 ք. կմ տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 ք. կմ տարածքային ամբողջականությունը: Եվ այս առումով կարևոր է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից մինչև օրս այս պայմանավորվածության հրապարակային վերահաստատում չի եղել: Նկատի ունեմ՝ խաղաղության պայմանագրի հրապարակային ուղեկցումը նույնպես շատ կարևոր է ընդհանուր գործընթացի առումով:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման – Կարծում եք Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունը Ադրբեջանին հանձնելն այն գինն է, որը պետք է վճարվի խաղաղության համա՞ր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Լեռնային Ղարաբաղում իրավիճակը միշտ էլ հսկողության տակ են ունեցել Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, համենայնդեպս, այդպես է եղել 2018 թվականից հետո: Եվ այսօր էլ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերահսկում են Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները, և այնտեղ են նաև ռուս խաղաղապահները: Խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է, որ եթե Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, դա նշանակում է, որ խաղաղություն երբեք չի լինի:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման 
- Բայց Ադրբեջանի դիրքորոշումը շատ պարզ է։ Նրանք համարում են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի բաղկացուցիչ մաս։ Նրանք նույնիսկ պնդում են, որ Հայաստանի որոշ հատվածներ նույնպես Ադրբեջանի մաս են, որոնք նրանք նաև օկուպացիայի տակ են պահում։ Ըստ Ձեզ, ի՞նչ երաշխիքներ կան, որ եթե Լեռնային Ղարաբաղն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, Ադրբեջանը կդադարեցնի իր տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետությունից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Մեր դիրքորոշումը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն և երաշխիքներ լինեն: Ինչ վերաբերում է մյուս՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունների ճանաչման հարցին, եթե խաղաղության պայմանագիրն այդպիսի երաշխիքներ չունենա իր մեջ, չստեղծի, այդ խաղաղության պայմանագիրը կլինի անիմաստ: Եվ սա է պատճառը, որ մենք ուզում ենք ունենալ խաղաղության այնպիսի պայմանագիր, որը Ձեր նշած երաշխիքը կտա: Մյուս կողմից, դարձյալ ուզում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում՝ չափազանց կարևոր է մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու առումով:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման - Ի՞նչ կարծիք ունեք Դուք օրինակ Արևմուտքի ու Եվրամիության դիրքորոշման վերաբերյալ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասով, որովհետև Դուք ասում եք, որ լուծումը հնարավոր է միայն միջազգային երաշխիքների պարագայում։ Ի՞նչ դեր պիտի ունենա այստեղ Եվրամիությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Իհարկե, վերջին շրջանում մենք տեսնում ենք որոշակի ուշադրության և ակտիվության աճ Եվրոպական միության և արևմտյան քաղաքական աշխարհի կողմից, բայց քանի իմ բարձրացրած խնդիրները հասցեագրված չեն, դա նշանակում է, որ այդ ուշադրությունը բավարար չափի չէ: Ինչը չի նշանակում, թե ես մտածում եմ, որ արևմտյան երկրները պետք է լուծեն ստեղծված իրավիճակը, ոչ իհարկե: Դա առաջին հերթին Հայաստանի, Ադրբեջանի, նաև Լեռնային Ղարաբաղի անելիքն է, բայց մյուս կողմից մեր միջազգային գործընկերները պետք է առավել գործուն ջանքեր գործադրեն խաղաղությունը մեր տարածաշրջանում հնարավոր դարձնելու համար: Իհարկե, խոսքն այն գործընկերների մասին է, ովքեր անկեղծ շահագրգռված են և ուզում են այդ խաղաղությունը:

Բայց նաև ժամանակակից աշխարհի առանձնահատկությունն այն է, որ աշխարհը շատ փոքր է, և մի տարածաշրջանում տեղի ունեցող թեկուզ փոքր իրադարձությունները կարող են բերել գլոբալ հետևանքների: Այս առումով, իհարկե, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը կարևոր է նաև գլոբալ անվտանգության տեսակետից:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման - Գիտենք, որ Ադրբեջանը շատ կարևոր գործընկեր է եվրոպական շատ երկրների համար, մասնավորապես Իտալիայի համար, երբ խոսքը գնում է բնական ռեսուրսների ներկրման մասին։ Ադրբեջանը նաև Ռուսաստանի համար է շատ կարևոր գործընկեր, և նրա կարևորությունն աճում է հատկապես ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։ Կարծում եք արդյոք, որ Հայաստանը կրում է ուկրաինական պատերազմի հետևանքները, ինչի շնորհիվ Ադրբեջանը շատ ուժեղ կապեր է հաստատել թե Եվրոպայի, թե Ռուսաստանի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –
 Ես արդեն ասացի, որ աշխարհը շատ փոքր է, ոչ միայն Հայաստանը, շատ երկրներ կան, որ իրենց վրա զգում են ոչ միայն անմիջապես իրենց հետ, այլև իրենց հարևանությամբ կամ նույնիսկ հեռու տեղի ունեցող իրադարձությունները: Եվ այս առումով, իհարկե, ցանկացած իրադարձություն ազդեցություն է ունենում մնացածի վրա, ինչ չափով՝ դա բոլորովին ուրիշ հարց է: Եվ ես այն կարծիքին եմ, որ այն պրոցեսները, որոնք բերեցին Ուկրաինայում հակամարտության սրմանը, իրականում սկսվել են ավելի վաղ՝ 2020 թվականին՝ մեր տարածաշրջանում:

Նկատի ունեմ՝ այստեղ պատճառահետևանքային շատ լուրջ և շատ խորը կապեր կան, որոնք առաջին հայացքից կարող են և տեսանելի չլինել, նույնիսկ երկրորդ և երրորդ հայացքից կարող են տեսանելի չլինել: Կարող են տեսանելի լինել գուցե նրանց, ովքեր հետազոտում են այդ իրավիճակը կամ լավ տեղեկացված են: Ես նկատի ունեմ Ուկրաինայի իրադարձություններն ազդում են այսօր բոլորի վրա, գործնականում շատ դժվար է գտնել երկիր, որի վրա Ուկրաինայի իրադարձությունները չեն ազդում:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման - Համաձայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության, Ռուսաստանը պետք է միջամտեր, եթե Հայաստանը հարձակման ենթարկվեր մեկ այլ պետության կողմից, ինչը վերջին տարիներին տեղի է ունեցել, և դեռևս Հայաստանի Հանրապետության որոշ տարածքներ օկուպացիայի տակ են Ադրբեջանի կողմից։ Ինչպե՞ս եք բացատրում Ռուսաստանի չմիջամտելու և իր ՀԱՊԿ պարտավորությունները չկատարելու պահվածքը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես առնվազն կարող եմ ասել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի գործունակության և պայմանագրունակության առումով Ձեր նկարագրած իրավիճակը խոսում է ճգնաժամի մասին: Եվ դա չեմ կարծում, թե միայն Հայաստանի խնդիրն է, դա հենց ամբողջությամբ Հավաքական անվտանգության կազմակերպության խնդիրն է:

Ինչ վերաբերում է բացատրություններին՝ դրանք ամենատարբեր կարող են լինել, բայց ես չեմ կարծում գոնե մեր տեսակետից բացատրությունները կարևոր չեն, և այն, որ այդ առումով Հայաստանի հանրությունը խորը հիասթափություն է ապրել և ապրում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործելակերպի վերաբերյալ, կարծում եմ՝ ակնհայտ է: Նաև սա է պատճառը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2022 թվականի աշնանը Երևանում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը չվավերացրեց, չմիացավ մի շարք փաստաթղթերի, և քանի որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այդ դեպքում որոշում չընդունվեց:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման - Դուք ճիշտ եք ասում, որ ուկրաինական խնդիրն առավել համատարած է և ազդեցություն է թողնում ոչ միայն Հայաստանի վրա, նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, քանի որ իր պարտավորությունների չկատարումը մեծ խնդիր է, բայց արդյունքում Հայաստանն է, որ ստիպված է վճարել այս ամենի համար։ Ինչպե՞ս է հնարավոր կասեցնել այս ընթացքը, ի՞նչը կարող է հանդիսանալ հստակ լուծում՝ պաշտպանելու Հայաստանի իրավունքներն ու այն միջազգային պայմանագրերը, որ ստորագրել է Հայաստանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նաև Ձեր նկարագրած իրավիճակի կառավարման մեր ընկալումը հետևյալն է, և ընդհանրապես կարծում եմ, որ դա ճիշտ է բոլոր դեպքերի համար, ըստ էության, բոլոր երկրների համար, որ անվտանգության երաշխիքներ կարող է տալ միայն խաղաղությունը: Այս է պատճառը, որ մենք կարևոր ենք համարում խաղաղության օրակարգի իրականացումը և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը, նաև մեր տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորումը, ինչը հեշտ խնդիր չէ, այդ թվում՝ Ձեր հիշատակած գործոնների բերումով:

Բայց ես կրկին ուզում եմ խոսել տարածաշրջանում խաղաղության ճարտարապետության մեր պատկերացման մասին: Այդ պատկերացումն ունի երկու հիմնական կետ կամ երկու պլյուս մեկ: Առաջինը՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու պայմանավորվածության իրականացում: Երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում: Երրորդը՝ խաղաղության այնպիսի պայմանագրի ստորագրում, որն իր մեջ կունենա մեխանիզմներ, որոնք ի վիճակի կլինեն իսկապես երաշխավորել խաղաղությունը:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման
 - Փաստն այն է, որ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, միջազգային հանրությունը կճանաչի Ադրբեջանի սուվերենությունը Լեռնային Ղարաբաղի հանդեպ։ Ի՞նչ երաշխիքներ կան, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչներին կվերաբերվեն որպես Ադրբեջանի լիիրավ քաղաքացի, որովհետև Ադրբեջանի կողմից հայերի դեմ հայտարարությունները կարող են մտահոգություններ առաջացնել այս հարցում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե երաշխիքներ ունենայինք, մենք չէինք խոսի Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման անհրաժեշտության մասին: Այսինքն՝ եթե այդ հարցը բարձրանում է և եթե մենք այսօր խոսում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պայմաններում, դա նշանակում է՝ այդ երաշխիքները չկան: Հենց ամբողջ պրոցեսը և՛ այդ երաշխիքների բացակայությունն է, և՛ Ձեր նշած հարցի գոյությունն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառ է դարձել և արգելք է դարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման:

Հենց այդ երաշխիքների բացակայությունն է պատճառը, որն ապացուցվում է այսօրվա իրավիճակով, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանն էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում, և դա է հենց պատճառը, որ մենք ասում ենք՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն միջազգային մեխանիզմի շրջանակներում: Ինչո՞ւ ենք այդպես ասում, հենց Ձեր նշածի պատճառով, երաշխիքների բացակայության պատճառով: Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցերը, ինչ էլ որ որոշվի, պայմանավորվի այդ երկխոսության շրջանակներում, իրենք պետք է ունենան որոշակի երաշխիքների մեխանիզմներ, այդ թվում՝ միջազգային: Հենց դա է, եթե Ձեր նշած երաշխիքները լինեին, հակամարտություն չէր լինի: Հենց Ձեր նշած երաշխիքների բացակայությունն է, որ պատճառ է այսօրվա իրավիճակի, պատճառ է երեկվա իրավիճակի, պատճառ է 5 տարի առաջվա իրավիճակի, պատճառ է 10 տարի առաջվա իրավիճակի, պատճառ է 20 տարի առաջվա իրավիճակի:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման - Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ այսօր Ադրբեջանը ռազմական առումով Հայաստանից բավականին ուժեղ է, ինչը մենք նաև տեսանք 2020-ի պատերազմի ժամանակ։ Ձեր կառավարությունը քայլեր է ձեռնարկում նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարելի՞ է դիտարկել որպես միջոց՝ կառավարելու, սահմանափակելու Բաքվի գործողություններն Անկարայի միջոցով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Մենք չենք կապում և չենք ուզում կապել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, չնայած պետք է ասել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են կապել և, ըստ էության, անընդհատ այդ հարցն առաջ են բերում: Բայց ընդհանրապես, եթե մենք խոսում ենք անվտանգության մասին, որևէ պետություն անվտանգության մասին կարող է խոսել, եթե հարևանների հետ ունի կարգավորված հարաբերություններ: Եվ սա ճիշտ է ոչ միայն ռազմական գերտերություն չհանդիսացող երկրների համար, սա ճիշտ է ընդհանրապես բոլոր դեպքերում, այսինքն՝ որպես բանաձև:

Այդպիսի օրինակներ պատմության մեջ շատ են եղել: Թվում է թե, երբ որևէ պետություն ռազմական առումով ուժեղ է, կարող է չմտածել հարևանների հետ և ընդհանրապես կարգավորված հարաբերություններ ունենալու մասին, բայց նաև պատմության շատ օրինակներ, նաև այսօրվա օրինակներ, ցույց են տալիս, որ թվացյալ ռազմական հզորությունը չի նշանակում անխոցելիություն: Եվ, հետևաբար, կարծում եմ, որ խաղաղությունը մի բան է, որով պետք է շահագրգռված լինեն բոլորը` տարածաշրջանի բոլոր երկրները, այլ բան, որ հասկանալի է, որ կան շահեր, որ հեշտ չէ այդ նպատակին հասնել: Բայց, հենց դրանում է քաղաքական առաջնորդության դժվարությունը, որ երբեմն հնարավոր դարձնել այնպիսի բաներ, որոնք թվում են անհնար: Եվ դա շատ դժվար է: Եթե դժվար չլիներ, վաղուց լուծված կլիներ:

Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, մենք կարևոր ենք համարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը: Դա շատ կարևոր հարց է Հայաստանի համար, և Անկարա կատարած իմ վերջին այցելության և Թուրքիայի նախագահի հետ իմ ունեցած շփումների արդյունքում ես տպավորություն ունեմ, որ Թուրքիայի համար էլ շատ կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Եվ կարծում եմ, որ այստեղ էլ կան հնարավորություններ, իհարկե, կան նաև բարդություններ: Այդ բարդությունների մեջ է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, ահա, այսպիսի որակը:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման - Այսինքն Դուք դիտարկում եք հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հարցից զատ։ Բայց կա մեկ այլ խնդիր, այն նույն խնդիրը, որ Ադրբեջանը վերահսկողության տակ է առել Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքներ։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարելի՞ է համարել երաշխիք Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար ընդդեմ Բաքվի ճնշումների, և այստեղ ես չեմ խոսում Լեռնային Ղարաբաղի մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հասկանալի է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորվածությունն էականորեն կնվազեցնի լարվածությունը Հարավկովկասյան տարածաշրջանում: Իհարկե, այդ ամեն ինչը փոխկապակցված է: Ընդհանրապես, տեսեք, ի՞նչ գաղափարախոսություն ենք մենք հիմա փորձում իրագործել, որը էլի շատ հեշտ չէ: Եվ ինձ նաև այդ հարցն են հաճախ տալիս՝ երաշխիք կա՞, որ այդ գաղափարախոսությունն իրականություն կդառնա:

Վերջերս մի հարցազրույցներից մեկում, երբ լրագրողն ինձ հարց տվեց, և ես հասկանում եմ այդ հարցը, որովհետև դա տարածված ընկալում է ոչ միայն մեր տարածաշրջանից դուրս, այլև հենց մեր տարածաշրջանում, հենց մեր երկրում, որովհետև մենք աշխարհը, կարծես, նաև քաղաքական քարտեզը սովոր ենք ընկալել Արևմուտքի և Արևելքի արանքում կամ Արևմուտքի և Ռուսաստանի արանքում: Եվ լրագրողը հարցրեց՝ ինչպե՞ս եք դիրքավորվում կամ Դուք գտնվում եք Արևմուտքի և Ռուսաստանի արանքում, ես ասացի, որ գիտեք, իրականում սխալ տպավորություն է, որ մենք Ռուսաստանի և Արևմուտքի արանքում ենք: Մենք իրականում Վրաստանի, Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արանքում ենք, և հետևաբար՝ մեր պետության անվտանգության շահերն առաջին հերթին պարտադրում են, որպեսզի մենք կայուն և կարգավորված հարաբերություններ ունենանք մեր հարևանների հետ, իհարկե, որևէ կերպ չնսեմացնելով աշխարհաքաղաքական կենտրոնների դերը, ազդեցությունը, նշանակությունը և կարևորությունը մեր տարածաշրջանի և իհարկե, նաև մեր երկրի համար:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման - Կուզենայի մեջբերել Ձեր վերջերս արած հայտարարությունը Հայաստանի անկախության հռչակագրի օրվա առթիվ, երբ Դուք ասացիք, որ «Մեր կառավարության կողմից որդեգրված խաղաղության օրակարգն անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն։ Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում»։ Կարելի՞ է ասել, որ այն, ինչ հիմա Դուք անում եք, որ փորձում եք հասնել խաղաղության, նաև միջոց է դառնալու ավելի անկախ Մոսկվայից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Իսկ ի՞նչ է նշանակում լինել անկախ: Անկախ նշանակում է ավելի պակաս կախվածություն ունենալ, օրինակ, անվտանգության ոլորտում, կամ անվտանգության ոլորտի քաղաքականությունները դիվերսիֆիկացնել:

Ես մի շատ կոնկրետ օրինակ բերեմ, որը գուցե այդ կոնտեքստով չի խոսվում, բայց մենք բոլորս և նաև Հայաստանի քաղաքացիները, ենթադրում եմ, գիտեն դրա մասին, բոլորը գիտեն, բայց երբ դրա մասին խոսվում է, դա այլ արժեք է ստանում:

Տեսեք, Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը 99,999 տոկոսով կապված է եղել Ռուսաստանի հետ, այդ թվում՝ զենքի, ռազմամթերքի ձեռքբերման տրամաբանության մեջ: Բայց այսօր, երբ Ռուսաստանը զենք, զինամթերքի և ռազմամթերքի կարիք ունի, այս իրավիճակում հասկանալի է, որ եթե ուզենա էլ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող ապահովել Հայաստանի անվտանգության կարիքները: Այսինքն՝ այս օրինակը մեզ պետք է ցույց տա, որ անվտանգային ոլորտում կախվածություն կամ կապվածություն ունենալ միայն մի տեղից, դա ինքնին ռազմավարական սխալ է: Եվ մենք պոստ ֆակտում այդ սխալի դառը պտուղները ճաշակելուց հետո է միայն, որ ինչ-որ շատ աղոտ փորձեր ենք անում դիվերսիֆիկացնելու մեր անվտանգային քաղաքականությունը, այդ թվում՝ այլ հայացքով նայելով մեր տարածաշրջանին, որովհետև այլ բան է, երբ մենք մեր տարածաշրջանում ապրում ենք հետևյալ տրամաբանությամբ, որ մենք մեր հարևանների հետ անընդհատ կոնֆրոնտացիոն տրամաբանության մեջ ենք, բայց ոչինչ, ինչ-որ մեկը մեր անվտանգությունը կապահովի: Երբ գալիս է գործնականում ինչ-որ մեկի կողմից մեր անվտանգությունն ապահովելու պահը, պարզվում է, որ ինչ-որ մեկը մեր անվտանգությունը կամ չի ուզում կամ չի կարողանում ապահովել: Եվ սրանք իրավիճակներ են, որոնց հետ մենք պետք է առերեսվենք:

Այո և՛ հոգեբանական, և՛ գաղափարախոսական, և՛ աշխարհայացքային, և՛ պատմական շատ դժվար առերեսումներ են տեղի ունենում: Բայց եթե այս առերեսումների միջով ճիշտ չանցնել, դա նշանակում է կորցնել անկախությունը: Ես Ձեր նշած ուղերձում հենց դա եմ նկատի ունեցել: Ես ի վերջո երկար եմ մտածել այդ մասին՝ արդյոք դրա մասին պե՞տք է հրապարակային խոսել, թե՝ ոչ: Բայց ես չեմ տեսել դրա մասին հրապարակային չխոսելու ՕԳԳ-ն:

Եվ, ընդհակառակը, ես տեսնում եմ, որ դրա մասին խոսելը շատ ցավոտ է, բայց առանց դրա մասին խոսելու մենք, իսկապես, կարող ենք մեր անկախությունը կորցնել: Իհարկե, ոչ միայն խոսելու, որովհետև միայն խոսելով չի ստացվի, բայց նաև պետք է խոսել: Ու ես այսպիսի մի բան ասեմ՝ կարծում եմ, ռեֆլեքսիան շատ կարևոր ժանր է և շատ կարևոր գործիք ու բանաձև, որ մենք պետք է անընդհատ ինքնահայեցմամբ զբաղվենք: Եթե պարզվի, որ բարձրացված հարցերն ստանում են նույն պատասխանները, ինչ ունեին հարցը բարձրացնելուց առաջ, շատ ավելի լավ, ուրեմն՝ մենք ամեն ինչ ճիշտ ենք արել և ամեն ինչ ճիշտ ենք անում: Իսկ եթե կպարզվի, որ նոր իրավիճակում հին հարցն ունի նոր պատասխան, դա արդեն իրավիճակ է, որի հետ մենք պետք է հարաբերվենք:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման - Կարծում եմ՝ շատ կարևոր է հասկանալ, թե որն է Ռուսաստանի՝ Լաչինի միջանցքի վերահսկողությունն Ադրբեջանին թողնելու քաղաքական դրդապատճառը։ Երբ խոսում էիք Ձեր ռուս գործընկերների հետ, տեսնում էիք, որ ռուս խաղաղապահները չէին իրականացնում իրենց պարտականությունները, ի՞նչ էին նրանք Ձեզ ասում։ Չե՞ք հարցրել նրանց, թե ինչու են նրանք հնարավորություն տալիս Ադրբեջանին դե-ֆակտո վերահսկել այս տարածքը, ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ չեք միջամտում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իհարկե, մենք խոսակցություն ունենում ենք այդ թեմայով մեր ռուս գործընկերների հետ: Եվ անկախ այդ խոսակցությունից, իհարկե, մենք մեր վարկածներն ունենք: Եվ երբ խոսում ենք այդ վարկածների մասին, նաև Ռուսաստանում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ մղում են պատմական զուգահեռների:

Օրինակ, մեր տարածաշրջանը տեսել է այդպիսի իրավիճակ: Ըստ էության, արդեն բավական երկար Ռուսաստանի Դաշնությունը մեր տարածաշրջանում է՝ Հարավային Կովկասում: Բայց մենք տեսել ենք իրավիճակներ, երբ մի օրում, մի ամսում կամ մի տարում ուղղակի Ռուսաստանի Դաշնությունը թողել և հեռացել է Հարավային Կովկասից: Օրինակ՝ հիմա շատ են Ռուսաստանի մեր գործընկերները խոսում այն մասին, որ արևմտյան երկրները Հայաստանի հետ աշխատում են կամ Հայաստանի կառավարությանը դրդում են, որպեսզի Հայաստանի կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որոնց նպատակն է՝ Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից:

Բայց մենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ խոսելիս երբեմն ասում ենք, բարձրաձայնում ենք մեր կարծիքը և մեր գնահատականը, որ ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից: Ի՞նչ պատճառներով, մենք դա չգիտենք: Մենք կարող ենք մեկնաբանություններ անել, բայց ես չեմ կարող պնդումներ անել: Ես կարող եմ վարկածներ առաջադրել, բայց հիմա չեմ անի դա: Բայց հասկանալի է, որ Ձեր նշած հարցը մեզ շատ է հուզում և հետաքրքրում, և դա նորություն չէ: Բայց կան պրոցեսներ, որոնք, իհարկե, հանգեցնում են այդպիսի մտքի, որ կարող է նույն սցենարը կրկնվել, որ մի օր ուղղակի արթնանանք և տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ:

Նաև պիտի համաձայնվեմ Ձեր այն ձևակերպման հետ, որ Լաչինի միջանցքը, որ պետք է լիներ Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ, Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ չէ: Ինչո՞ւ: Կարող է երկու պատճառ լինել՝ կամ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանում պահել հսկողություն Լաչինի միջանցքի նկատմամբ կամ չի ուզում: Երկուսն էլ մեր տեսակետից խնդրահարույց է:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման - Իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ չե՞ն ցանկանում, թե՞ չեն կարողանում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ՝ տեղ-տեղ չեն ուզում, տեղ-տեղ չեն կարողանում:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման - Եվ ո՞րն է չցանկանալու պատճառը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ տարբեր են: Բայց ես չեմ ցանկանա դրա մասին խոսել: Իհարկե, ես ունեմ իմ վարկածները, իմ պատկերացումները, իմ համոզմունքները և դրանց մի մասը նաև արտահայտել եմ հրապարակային: Իհարկե, այդ հրապարակային արտահայտությունների մեջ գուցե պատճառահետևանքային կապերն այդքան ուղիղ չեն եղել, բայց ուշադիր հետազոտողը, կարծում եմ, այդ կապերը կտեսնի:

Այս իրավիճակը, տեսեք, ինչո՞վ է վտանգավոր Հայաստանի համար, որովհետև Հայաստանը ֆորմալ առումով, ինչու եմ ասում ֆորմալ առումով, որովհետև մենք դրա գործիքակազմից չենք կարողացել փաստացի օգտվել: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ ունի ռազմավարական գործընկերության պայմանագիր, և այս տրամաբանության բերումով բոլոր արևմտյան երկրների կամ փորձագետների հայացքով և տրամաբանությամբ Հայաստանը պրոռուսական երկիր է: Մյուս կողմից՝ Ռուսաստանում շատ շրջանակներ Հայաստանը կամ նրա գործող կառավարությունը և քանի որ կառավարությունը ձևավորվել է ժողովրդի մեծամասնության քվեով, համարում են պրոարևմտյան: Այստեղ մեր այսօրվա դիրքի ամենամեծ պրոբլեմը հետևյալն է, որ եթե պրոռուսականությունն ունի հնարավոր ինչ-որ առավելություններ կամ եթե պրոարևմտականությունն ունի ինչ-որ առավելություններ, Հայաստանը չի կարողանում օգտվել ո՛չ պրոռուսականության առավելություններից, որովհետև Ռուսաստանում առնվազն բավարար չափով պրոռուսական չեն համարում Հայաստանին: Օրինակ՝ այն պատճառով, որ Հայաստանն Ուկրաինայի հետ կապված, իրենց տեսակետից, բավարար չափով աջակցություն չի ցուցաբերում Ռուսաստանին: Մյուս կողմից՝ Հայաստանը չի կարողանում օգտվել պրոարևմտականության հնարավոր առավելություններից կամ օգուտներից, որովհետև Արևմուտքում էլ Հայաստանին համարում են, որ Հայաստանը բավարար չափով պրոարևմտյան չէ, օրինակ, որ Ուկրաինայի հետ կապված բավարար չափով, իրենց տեսակետից՝ բավարար չափով, չի ընդդիմանում կամ դիմադրում Ռուսաստանին: Եվ հենց սրանում է մեր իրավիճակի նրբությունը և վտանգավորությունը:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման - Երբ խոսքը գնում է Հայաստանի այն տարածքների մասին, որոնք Ադրբեջանը վերահսկում է այսօր, և մենք ավելի ու ավելի ենք տեսնում Ադրբեջանի պահանջները միջանցքի հասնելու մասին, որը նրանք անվանում են «Զանգեզուրի միջանցք», և որը պետք է կապի Ադրբեջանը Նախիջևանին, արդյոք այս միջանցքի հարցը նույնպես խաղաղության բանակցությունների մաս է կազմում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսեք, Դուք ասում եք “Is this corridor…”, ի՞նչ “corridor”:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման - Միջանցքը, որը նրանք պահանջում են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ սկսենք նրանից, որ նրանք իրավունք չունեն միջանցք ակնկալել, որովհետև եթե խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է, այնտեղ «միջանցք», «corridor» բառն օգտագործված է մի դեպքի համար, և դա Լաչինի միջանցքի մասին է, որը ոչ թե ճանապարհ է...

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման - Բայց նրանք օգտագործում են դա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հենց դա է: Դա ցույց է տալիս Ադրբեջանի քաղաքականության ագրեսիվությունն ու ոչ իրավաչափությունը: Բայց տեսեք՝ Դուք էլ եք օգտագործում դա:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման - Ես ասում եմ այն, ինչ նրանք են ասում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դուք տարածում եք՝ ինչ իրենք ասում են, և հետևաբար՝ իրենք հասնում են իրենց նպատակին նաև Ձեր միջոցով:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման – Ոչ, ոչ, ոչ․․․

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես չեմ մեղադրում Ձեզ, ճիշտ հասկացեք: Բացարձակապես: Ես ուղղակի ուզում եմ, որ մենք իրադրությունը ճիշտ հասկանանք: Ասենք, Դուք - ես դուք ասելով՝ կոնկրետ Ձեզ նկատի չունեմ, բայց Ձեզ էլ նկատի ունեմ, որևէ մեկը հարցնո՞ւմ է՝ այդ ի՞նչ բառ է, որտեղի՞ց եք հորինել դա: Որտե՞ղ է դա գրված: Որտեղի՞ց: Կարո՞ղ եք ցույց տալ:

Երբ ես ասում եմ Լաչինի միջանցք, ես կարող եմ ցույց տալ թուղթ, որի տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունն է: Այսինքն՝ ինձ պետք չէ ցույց տալ, Դուք կարող եք 5 րոպեում գտնել: Հիմա Դուք, մյուս լրագրողները հարցնո՞ւմ են Ադրբեջանին՝ դա որտեղի՞ց, ո՞վ է հորինել, ի՞նչ իրավունք ունեք այդպիսի պնդում անելու, Հայաստանից այդպիսի բան պահանջելու: Այստեղից է սկսվում ամեն ինչ:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման 
- Հենց այստեղ է հարցը, Դուք եք բանակցում Ադրբեջանի հետ, և նրանք օգտագործում են այլ բառապաշար․․․

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դուք եթե տեղյակ եք, օրինակ, Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահը փորձ արեց օգտագործել այդպիսի խոսույթ, բայց քանի անգամ ինքն օգտագործեց այդ խոսույթը, ես այդքան անգամ արձագանքեցի, նաև ի ցույց դնելու այդ հորինովի բառապաշարը, ուղղակի հորինել ագրեսիվությունը հիմնավորելու համար: Էլի եմ ասում, երբ ասում եմ Լաչինի միջանցք, ես կարող եմ ցույց տալ թուղթ, որի տակ Ադրբեջանի նախագահի և իմ ստորագրությունն է: Ուրիշ որևէ միջանցքի մասին աշխարհում ընդհանրապես և պատմության մեջ գոյություն չունի մի այնպիսի փաստաթուղթ, որը ենթադրում է, որ Հայաստանի տարածքով պետք է միջանցք աշխատի այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ, որ Ադրբեջանը փորձ է անում առաջադրել: Բայց հակառակը, գոյություն ունի այդ փաստաթուղթը, ուրիշ բան գոյություն ունի: Այդ տերմինի իրավաչափությունը և իրավազորությունն արձանագրել է Արդարադատության միջազգային դատարանը:

Հիմա տեսեք, Ադրբեջանն ասում է Լեռնային Ղարաբաղ չկա, գոյություն չունի, բայց ես կարող եմ ցույց տալ Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ թուղթ, որտեղ ասվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղն ունի տարածություն և Լեռնային Ղարաբաղն ունի շփման գիծ, այսինքն՝ ուրվագիծ և Լեռնային Ղարաբաղն ունի Լաչինի միջանցք՝ 5 կմ լայնությամբ, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ: Սա շատ լուրջ խոսակցություն է, և շատ կարևոր է, որ շատ լուրջ խոսակցության մեջ չօգտագործվեն անլուրջ տերմիններ և բառապաշար:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման - Հաշվի առնելով այն, ինչ հիմա տեղի է ունենում, հաշվի առնելով այն, ինչ Դուք անվանում եք Ադրբեջանի ագրեսիվություն, և սա գուցե ամենակենտրոնական հարցն է։ Ի՞նչ երաշխիքներ ունեք, որ Ադրբեջանը երբևէ կհարգի այն համաձայնությունները, որոնք նրանք քննարկում և բանակցում են ձեզ հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես արդեն ասացի, որ հենց երաշխիքները լինեն, նույն պահին այդ փաստաթուղթը կստորագրվի: Քանի դեռ նման երաշխիքներ չկան, այդ փաստաթղթի ստորագրումը. ես հրապարակային էլ եմ դրա մասին ասել, որ մեր խնդիրն ամենևին էլ խաղաղության պայմանագիր վերնագրված փաստաթուղթ ստորագրելը չէ, մեր խնդիրը խաղաղության պայմանագիր ստորագրելն է, որը գետնի վրա կբերի խաղաղություն: Տեսեք, մենք դա ենք բանակցում: Ինչո՞ւ փաստաթուղթը ստորագրված չէ: Հիմա գործնականում մենք խաղաղության պայմանագրի բանակցություններում հասել ենք այն տեղերին, որը վերաբերում է երաշխիքներին, թե որոնք են այն երաշխիքները, որ այս թղթի ստորագրումից հետո գործնականում բերելու են խաղաղության: Հենց որ այդ երաշխիքների շուրջ համաձայնությունը կայանա, դա նշանակում է, որ գործնականում կարելի է համաձայնությունը ձեռք բերված համարել:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման - Եվ վերջին հարցը։ Ըստ Ձեզ, անձամբ Ձեր կարծիքով, որովհետև Դուք Հայաստանի վարչապետն եք, բայց նաև այն անձն եք, ով մասնակցում է այս քննարկումներին, որո՞նք կարող են լինել այն երաշխիքները, որոնք ընդունելի կլինեն Ձեզ այս քննարկումների իրականացման համար։ Կոնկրետ ի՞նչ երաշխիքներով կարող են այս համաձայնություններն ընդունելի լինել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես Ձեր հարցը կվերաձևակերպեի, թե երաշխիքներն ինչի՞ն պետք է ծառայեն: Երաշխիքները պետք է ծառայեն, առաջինը, մեր տեսակետից, Ադրբեջանին էլ երևի իր տեսակետից, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորումը և երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման շուրջ հուսալի երկխոսության մեկնարկը միջազգային մեխանիզմի շրջանակներում:

Այսինքն՝ երկու խնդիր կա, հենց որին ես անդրադարձա խաղաղության ճարտարապետության մասին մեր պատկերացումը ներկայացնելիս: Առաջինը՝ մեր ձեռք բերված պայմանավորվածությունը, սա շատ կարևոր բառ է՝ պայմանավորվածությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 29 800 ք. կմ և 86 600 ք. կմ և սրան զուգահեռ կամ որպես առանձին գոյություն ունեցող կետ՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման հարց: Այսինքն՝ երաշխիքները սրա մասին պետք է լինեն:

La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյնման - Շնորհակալ եմ հարցազրույցի համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ:

  • Կիսվել: