Ես չեմ այն մարդը, որ պիտի գնահատի, թե որքան ռեսուրս կա փողոցով պայքարելու համար. Արծվիկ Մինասյան
Ես չեմ այն մարդը, որ պիտի գնահատի, թե որքան ռեսուրս կա փողոցով պայքարելու համար. ես այն մարդկանց մեկն եմ, որ առաջին օրվանից սկսած եղել եմ փողոցում 2020 թվականից սկսած և չեմ կարող մյուսների փոխարեն որոշումներ կայացնել կամ մեկնաբանել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 19–ին, ՍԴ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին,թ ե այս պահին ընդդիմությունը ունի՞ ռեսուրս պայքարի գնալ նաև փողոցում։
«Բայց մի բան ակնհայտ է, որ նույնիսկ այս կեղծված ցուցանիշների պայմաններում 600 հազարից ավել մարդ կամք է գտել իր մեջ և մերժել է սրանց»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ 720 հազարից ավել մարդ քվեարկել է իշխանության օգտին, նա հակադարձեց. «Այստեղ է, որ վիճարկելու հարց կա, և երբ Սահմանադրական դատարանում ներկայացվի, դուք կտեսնեք այն տասնյակ հազարավոր տվյալները, որտեղ ստորագրություն չկա ընտրողների ցուցակում, բայց հայտարարվել է, որ այդ տեղամասերում այդքան մարդիկ մասնակցել են ընտրություններին»։
Ինչ վերաբերում է նրան, որ մի կողմից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ընդդիմությանը ընտրած քաղաքացիների 70% ընտրակաշառք է վերցրել, այսինքն չի ճանաչում ընդդիմությանը որպես լեգիտիմ ուժ, իսկ ընդդիմությունն էլ հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ճանապարհով ընտրված ղեկավար չէ, այս պայմաններում ինչպե՞ս են երկու կողմերն աշխատելու իրար հետ, Արծվիկ Մինասյանն ասաց. «Միայն ժողովրդի որոշմամբ։ Ժողովուրդը իր ընտրությունը չի կատարել, եթե ընտրություն կատարեր, մենք կընդունեինք այդ արդյունքը։ Այսինքն դուք համարում եք ընտրություն այն սպառնալիքները, այն կեղծիքները, այն այլանդակությունները, որոնք տեղի են ունեցել և որի դիմաց գրված է 720 հազա՞ր։ Դուք համարում եք դա ընտրության արդյո՞ւնք»։
Դիտարկմանը, որ ընդդիմությունը վերջին 5 տարիներին հայտարարում էր, թե Արցախը վերադարձնելու է, ընդդիմադիր գործիչն ասաց. «Այսինքն դուք ասում եք, որ ընդդիմության ձեռքում էր Արցախի վերադարձը, ընդդիմությունը չվերադարձրե՞ց։ Մեր պայքարի նպատակը դա է եղել, և եթե մենք չենք հաջողել այդ այդ առումով, չի նշանակում չենք պայքարել։ Դուք ասում եք՝ դե եթե չեք հաջողել, գնացեք մեռե՞ք։ Սա՞ է ձեր բանաձևը։ Բա ի՞նչ անենք, չպայքարե՞նք, ընկնենք Արցախի օ՞րը, Հայաստանն էլ դարձնեն Արցախ՝ ամայացած, հայազրկված»։



