Ես բացառում եմ «զանգովի» արդարադատությունը մեր իշխանության օրոք․ Հովհաննիսյան
Հայաստանում այսօր «զանգովի» արդարադատություն չկա։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կոնֆլիկտին։
«Ես բացառում եմ զանգովի արդարադատության առկայությունը մեր իշխանության օրոք։ Ինչ վերաբերում է լսումների ընթացքում տեղի ունեցած միջադեպին, վարչապետն էլ է անդրադարձել դրան կառավարության հարց ու պատասխանի ընթացքում։ Ինչ վերաբերում է մեր կուսակցական գործընկերներին, ապա նրանց հետ կապված ուսումնասիրությունը, քննությունը տեղի կունենան կուսակցության կանոնադրության համաձայն և վարչության տիրույթում»,-ասաց Հովհաննիսյանը։
Նա հավելեց, որ ոչ կուսակցականների հայտարարություններն էլ պետք է ուսումնասիրվեն համապատասխան կառույցների ընթացակարգերի համաձայն։
Նշենք, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ԱԺ դահլիճում հայտարարեց, որ իրեն դիմել են ՔՊ պատգամավորներից Հովիկ Աղազարյանի որդիների համար, որոնք կոռուպցիոն ինչ–որ սխեմայի հետ առնչություն ունեն։