ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ես այս ամբողջ գործընթացը համարում եմ անարգանք ժողովրդավարության և երևանցու քվեի հանդեպ․ Հայկ Մարության

Ես այս ամբողջ գործընթացը համարում եմ անարգանք ժողովրդավարության և երևանցու քվեի հանդեպ․ Հայկ Մարության

Սկզբում մամուլում ակնհայտ սուտ լուրեր տարածեցին, որ իբր հանդիպել եմ ինչ–որ նախկին պաշտոնյաների հետ, ինչ–որ բաներ եմ պայմանավորվել։ Այս մասին այսօր ավագանու արտահերթ նիստին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որի ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում իրեն։ Ի թիվ այլ հարցերի նա անդրադարձավ նաև հարցին, թե ինչ մեթոդներով է իշխանությունն իրականացնում իրեն անվստահություն հայտնելու գործընթացը։

«Մանիպուլացնում են, թե ինչ–որ  նախկին պաշտոնյաների տներ եմ օրինականացրել, բայց չգիտես ինչու չեն նշում, որ դա իրականացվել է կառավարության 912 N որոշման հիման վրա, որի դեմ մենք 3 տարի է՝ պայքարում ենք, բայց կառավարությունը համառորեն թողնում էր ուժի մեջ, որ այդ նույն որոշմամբ օրինականացվում են նաև իշխանության ներկայացուցիչների ինքնակամ կառույցները»,– ասաց նա և նշեց, որ քաղաքապետարանը ստիպված է շարժվել կառավարության որոշումներով։

«Այնուհետև սկսեցին գործի դնել շանտաժի գործիքներ, ավագանու մի շարք անդամներին՝ ստիպելով  ստորագրել իմ անվստահության որոշման տակ, բառացի մեկին սպառնում էին աշխատանքից հանել, մյուսին ասում էին՝ փողիցդ կկտրենք՝ հին ու բարի մեթոդներով։ Կարճ ասած ես այս ամբողջ պրոցեսը համարում եմ անարգանք ժողովրդավարության հանդեպ և անարգանք երևանցու քվեի հանդեպ։ Կարծում եմ, որ դուք ձեր սկսածը, միևնույն է, ավարտին եք հասցնելու, ուստի քանի քաղաքապետ եմ, խնդրում եմ ծառայությունների բոլոր ղեկավարներին իրենց աշխատանքը շարունակել կատարել բարձր պատասխանատվությամբ»,–ամփոփեց նա։

  • Կիսվել: