շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ես 1993–ին եկել եմ Հայաստան, աշխատել եմ առաջին նախագահի աշխատակազմում, Ժիրայր Լիպարիտյանի օգնականն եմ եղել. Սինանյան

Ես 1993–ին եկել եմ Հայաստան, աշխատել եմ առաջին նախագահի աշխատակազմում, Ժիրայր Լիպարիտյանի օգնականն եմ եղել. Սինանյան

Վերջին տարիների ընթացքում վերջապես պետությունը կայանում է, սկսում են կայանալ համակարգեր, առանց որի պետություն չկա, պետության ֆասադ կա, մի բան, որը կար մինչև 18 թվականը։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«Այս ութ տարիների ընթացքում պետական բյուջեն մոտ եռապատկվել է, պետությունը վերջապես սկսել է ձևավորել համակարգեր, կառույցներ, սիստեմներ, առանց որի պետություն չի լինում»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ ՔՊ–ն արդեն 8 տարի է իշխանության է, սակայն շարունակում է ամեն ինչի համար մեղադրել նախկիններին, Սինանյանն ասաց. «Եթե դու չես զարգացնում տնտեսությունը , եթե դու այնպես ես ավիրում երկիրը, որ միլիոնից ավել մարդ հեռանում է երկրից, եթե դու զրկվում ես արդյունաբերական ամբողջ բազայից, եթե կրթական համալիրը համակարգդ իջնում է պլինտուսից ավելի ցածր, եթե դու չես ստեղծում համապատասխան սպայական կազմ, եթե քո բանակը լինում է վատ հանդերձավորված, վատ զինված, վատ կրթված, ինչի՞ մասին է խոսքը։ Նախկինները պետություն կայացնելու գործընթացը ձախողել են, իրենք ձախողել են։

Այսինքն դուք ո՞նց եք պատկերացնում, որ իշխանություն է գալիս նոր մարդ ու մի տարի հետո կարողանում է փրկել ամբողջ վիճա՞կը։ Չի ստացվի»։

Լրագրողները Սինանյանին հիշեցրին, որ ինքը մինչև 2018 թվականը չի ապրել Հայաստանում, ինչպե՞ս կարող է շատ վստահ պնդել, որ ամեն ինչ վատ էր, Սփյուռքի հանձնակատարն ասաց. «32 տարիների ընթացքում, որ ես Հայաստանում չեմ եղել, և այո, այնտեղ մեծացել եմ, կրթություն եմ ստացել, հետո աշխատել եմ, հետո այնտեղ նաև քաղաքական գործունեությամբ եմ զբաղվել, այդ ընթացքում ես ի տարբերություն շատ և շատ հայերի, ամառները հաճախ անցկացրել եմ Հայաստանում։ Ես 93 թվականին դեռ առաջին պատերազմի ժամանակ եկել եմ, Հայաստանում եմ աշխատել, որպեսզի իմ ժողովրդի հետ լինեմ։ 1995 թվականին եկել եմ և կամավորական սկզբունքներով աշխատել եմ առաջին նախագահի աշխատակազմում, Ժիրայր Լիպարիտյանի օգնականն եմ եղել։

Դրանից հետո 1997 թվականին եմ եկել, ժամանակ եմ անցկացրել, դրանից հետո միշտ ակտիվ եմ եղել, կապված եմ եղել Հայաստանի հետ։ Եթե ձեզ թվում է, որ չեմ եղել, դա նշանակում է, որ չեմ տեսել, թե ինչ է տեղի ունենում, չեմ տեսել, թե աչքիս առաջ ոնց է երկիրը դեպի անդունդ գնում, չի նշանակում, որ դա ճիշտ է»։

  • Կիսվել: