ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պահանջում է դադարեցնել Գարեգին Բ–ի դեմ գործընթացը

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պահանջում է դադարեցնել Գարեգին Բ–ի դեմ գործընթացը

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների դեմ իրականացվող դատական գործընթացը։ Պատրիարքությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ընդհանուր հոգևոր առաջնորդն է, որի հովվապետական առաքելությունն ու նվիրապետական հեղինակությունը տարածվում են աշխարհասփյուռ հայության, Հայ եկեղեցու նվիրապետական բոլոր աթոռների և թեմերի վրա։
 
«Վեհափառի նկատմամբ ՀՀ իշխանությունների ցուցաբերած վերաբերմունքն անխուսափելիորեն անդրադառնալու է նաև Հայ եկեղեցու մյուս նվիրապետական աթոռների և հոգևոր ղեկավարների դիրքի վրա»,– ասված է հայտարարությունում։
Պատրիարքությունը նշել է, որ հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր կյանքի, ազգային ինքնության, մշակույթի, պատմական հիշողության և պետականության պահպանման հիմնասյուներից մեկը։
 
«Եկեղեցու ներքին կանոնական, վարչական և կարգապահական հարցերին պետական մարմինների միջամտությունը հակասում է եկեղեցու ինքնավարության սկզբունքին և վտանգավոր նախադեպ է ստեղծում եկեղեցի-պետություն հարաբերություններում»,- նշված է հայտարարության մեջ։
 
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչ է անում ՀՀ պատկան մարմիններին հարգել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված Հայ առաքելական եկեղեցու ինքնավարությունը, զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են խորացնել ազգային պառակտումը և անդառնալի վնաս հասցնել Հայ եկեղեցու և պետության փոխհարաբերություններին։
 
Միաժամանակ կոչ է անում հայ ժողովրդին, Հայաստանի պետական և հասարակական կազմակերպություններին, սփյուռքի ազգային և եկեղեցական կառույցներին պաշտպան կանգնել Հայ եկեղեցու ինքնավարությանն ու արժանապատվությանը։
 
Նշենք, որ Հայ առաքելական եկեղեցին ունի չորս նվիրապետական աթոռներ՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Երուսաղեմի Հայոց պատրիարքություն և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություն։ Նվիրապետական բոլոր աթոռները ճանաչում են Մայր աթոռ սուրբ Էջմիածնի գահերեցությունն ու նախամեծարությունը։
 
Երեկ պաշտոնական հայտարարություն էր տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ անընդունելի ու դատապարտելի համարելով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին դատարան հրավիրելը։
 
Հիշեցնենք` փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:
 
Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը:

  • Կիսվել: