երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երկու երկրների հարաբերություններում հսկայական չօգտագործված ներուժ կա․ Նիկոլ Փաշինյան

Երկու երկրների հարաբերություններում հսկայական չօգտագործված ներուժ կա․ Նիկոլ Փաշինյան

 Համոզված եմ, որ այսօր մեր հանդիպումը կլինի ևս մեկ քայլ ժողովրդավարական ուղղությամբ շարժվելու համար։ Այս մասին այսօր հայ-վրացական բարձր մակարդակի ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ ասաց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, ողջունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը, նշեց, որ երկու կողմերը ունեն հարցերի քննարկման լայն օրակարգ: 

«Մենք կանդրադառնանք այն բոլոր հարցերին, որոնք կարևոր են ինչպես հայկական, այնպես էլ վրացական կողմի համար: Ես ցանկանում եմ ընդգծել մեր երկրների ժողովրդավարական զարգացման, տարածաշրջանի խաղաղության հարցը: Սա է հիմքը մեր երկրների տնտեսական զարգացման գործում: Տարածաշրջանի բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»,-ասաց Վրաստանի վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  ընդգծեց, որ երկու երկրների հարաբերություններում հսկայական չօգտագործված ներուժ կա: Ըստ նրա՝ օրակարգի կարևոր մաս է այդ ներուժի լիարժեք օգտագործումը: ՀՀ վարչապետի կարծիքով, երկու երկրներն ունեն բազմաթիվ հնարավորություններ տնտեսական համագործակցությունը դուրս բերելու բոլորովին նոր մակարդակի:

«Այս առումով նույնպես ժողովրդավարությունն էական նշանակություն ունի: Հարգանքով ենք վերաբերում Վրաստանի Եվրատլանտյան տարածքի ինտեգրման ձգտումներին: Այնպես է ստացվել, որ մեր երկրներն անվտանգության համակարգերի վերաբերյալ մի փոքր տարբեր պատկերացումներ ունեն: Բայց իմ կարծիքով, մենք մեր անվտանգության մասին ունենք ընդհանուր պատկերացում: Հայաստանը չի կարող անվտանգային սպառնալիք լինել Վրաստանի համար, Վրաստանն էլ չի կարող անվտանգային սպառնալիք լինել Հայաստանի համար: Առաջին անգամ վարչապետի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Վրաստան պաշտոնական այց ունենալով, ես հենց այս բանաձևն եմ առաջարկել մեր հետագա հարաբերությունների հիմքում դնելու համար»,-ասաց վարչապետը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: