հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երկրորդ խումբ փոփոխությունները վերաբերում են ազգային պահուստին, որը պետական պահուստի մաս է․ ֆինանսների նախարարի տեղակալ

Երկրորդ խումբ փոփոխությունները վերաբերում են ազգային պահուստին, որը պետական պահուստի մաս է․ ֆինանսների նախարարի տեղակալ

Շարունակվում է ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը:

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը տեղեկացրեց՝ հիմնական կարգավորումները «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում են:

Նրա խոսքով՝ իրավական ակտերի ընդունումը պայմանավորված է ՀՀ պետական և ազգային պահուստներում առկա թանկարժեք մետաղների և քարերի համալրման, հաշվառման, օտարման և դրանց հետ կապված այլ գործառույթների իրականացումը ոլորտային պետական մարմիններին փոխանցելու և այդ գործառույթների արդյունավետ իրականացումը ապահովելու անհրաժեշտությամբ:

«Ունենք երկու խումբ փոփոխություններ՝ նախ՝ առաջինը՝ պետական պահուստ: Ի՞նչ է թանկարժեք քարերի և մետաղների պետական պահուստը: Այն պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի, ինչպես նաև դրանց հետ կապված իրերի հանրագումար է, որոնց հետ կապված բոլոր գործառույթները ներկայումս իրականացնում է ֆինանսների նախարարությունը՝ չնայած այն հանգամանքին, որ դրանք, ըստ էության, պետական գույք են: Գիտենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով պետական գույքի կառավարման ոլորտում պատասխանատու մարմինը ՏԿԵ նախարարությունն է, ավելի կոնկրետ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն: Առաջին խումբ փոփոխությունները, որոնք առաջարկվում են, պետական պահուստի կառավարման և դրանում ներառված գույքի մասով իրականացվող գործառույթների մասով կարգավորումները ուժը կորցրած ճանաչելն է՝ բացառությամբ ազգային պահուստի»,- տեղեկացրեց Հակոբյանը:

Պետական պահուստի (բացառությամբ ազգային պահուստի) կառավարման և դրանում ներառված գույքի մասով իրականացվող գործառույթների արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել պետական պահուստի կառավարման (բացառությամբ ազգային պահուստի) գործընթացը սահմանող՝ օրենքի 17-19-րդ մասերը: Գույքի հետագա կառավարումն իրականացվելու է ՏԿԵՆ-ի կողմից:

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

Ֆինանսների նախարարի տեղակալի խոսքով՝ երկրորդ խումբ փոփոխությունները վերաբերում են ազգային պահուստին, որը ներկայումս, ըստ էության, պետական պահուստի մաս է:

Ազգային պահուստը պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային, թանգարանային, գիտական և գեղարվեստական նշանակություն ունեցող հազվագյուտ ոսկերչական և այլ կենցաղային իրերի ու կրոնական պաշտամունքի առարկաների հավաքածու է:

Ազգային պահուստի արժեքներն անձեռնմխելի և անբաժանելի են, Հայաստանի Հանրապետության սեփականությունն են և ենթակա չեն օտարման կամ վարձակալության:

Ազգային պահուստի կառավարման մասով մնացած գործառույթները իրականացվում են ոլորտային նախարարության՝ ԿԳՄՍՆ-ի, դրա ենթակա մարմինների, թանգարանների կամ այլ մասնագիտացված կազմակերպությունների հետ համատեղ:

Ազգային պահուստում կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է օրենքի 20-րդ մասում կատարել համապատասխան փոփոխություն՝ ազգային պահուստի կառավարման պատասխանատու սահմանելով մշակութային արժեքների կառավարման լիազոր մարմնին՝ ԿԳՄՍՆ-ին:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: 

Հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանի խոսքով՝ օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: