երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երկիրը ամո՛ւր ոտքի կանգնեցնելու համար․ «Հայաստանի Հանրապետություն»

Երկիրը ամո՛ւր ոտքի կանգնեցնելու համար․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ամեն բան հուշում է, եւ տնտեսագետները նույնպես պնդում են, որ առաջիկայում էլի թանկացումներ են մեզ սպասվում: Ի՞նչն է այդ «ամեն բանը», որից ելնելով մենք համոզված ենք թանկացումների սպասվելիք շղթայում:

Նախ՝ Արցախի մեծ մասը կորցնելով՝ մենք ոչ միայն կորցրել ենք մեր քաղաքական ու անվտանգային «տիրույթը», այլեւ՝ տնտեսական: Հարավային մասը՝ մինչեւ Արաքսի ափեր, եւ Քարվաճառը կորցնելով՝ զրկվել ենք նաեւ անասնապահության համար շատ բարենպաստ տարածքից, անասնակերից՝ բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ: Այս ամենին հավելյալ՝ պարենի ինքնաբավության տեսանկյունից Հայաստանը համարվում է ցածր ցուցանիշներ ունեցող երկիր… Թանկացումների սպասվելիք շղթայի մեկ այլ կարեւորագույն պատճառ. Հայաստանը ոչ թե արտադրում, այլ ներկրում է առաջին անհրաժեշտության ապրանքների գերակշիռ մասը: Սպասվելիք թանկացումների մյուս պատճառը վերաբերում է մեր՝ ներկրող տնտեսվարողների վարքագծին… Մեկ այլ պատճառ էլ էներգակիրներն են:

Պատճառներ էլի կան: Ու կլինեն՝ հաշվի առնելով մեր տնտեսության ներկայիս վիճակը: Այդ վիճակը օր առաջ փոխել է պետք՝ հանրության մի մասի ընկալմամբ՝ միայն թանկացումներից զերծ մնալու համար: Մինչդեռ խորքային ընկալմամբ՝ երկիրը ոտքի հանելու եւ ամո՛ւր ոտքի կանգնեցնելու համար: Ի՞նչ է պետք սրա համար:

Մասնագետների առաջարկած բոլոր տեսակետները պետք է քննարկվեն: Բոլո՛րը: Բայց մի բան հաստատ է՝ մեր երկրի տնտեսությունը ոտքի հանելու համար երկրին պետք են մասնագետ հայրենապաշտ նվիրյալներ, որ, առանց չափազանցության, անմնացորդ նվիրումով կտրվեն գործին: Մի փոքր պակաս նվիրում ու պակաս պրոֆեսիոնալիզմ ունեցողներին «հանդուրժելու» շռայլությունը մենք մեզ թույլ տալ չենք կարող»:

  • Կիսվել: