երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մատենադարան կժամանեն Իտալիայի խոշոր վերականգնման կենտրոնների ղեկավարներն ու մասնագետները

Մատենադարան կժամանեն Իտալիայի խոշոր վերականգնման կենտրոնների ղեկավարներն ու մասնագետները

Մատենադարան կժամանեն Իտալիայի խոշոր վերականգնման կենտրոնների ղեկավարներն ու մասնագետները, հայտնում են Մատենադարանից:

«Իտալիայի այցի շրջանակում Մատենադարանի պատվիրակությունը եղել է Ֆլորենցիայի Opificio delle Pietre Dure կենտրոնում և Հռոմի Գրքերի և արխիվային փաստաթղթերի պաթոլոգիայի կենտրոնական ինստիտուտում։

Այցելություններին ներկա է եղել նաև Մատենադարանի նորաստեղծ Ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների խմբի անդամ Լուսինե Մարգարյանը։

Կազմակերպվել է շրջայց հետազոտական բոլոր լաբորատորիաներում, ներկայացվել են լաբորատոր ենթակառուցվածքներն ու սարքավորումները։ Առանձին անդրադարձ է կատարվել կենտրոնների ուսումնական բաժիններին, ինչը կարևոր է հատկապես Մատենադարանում առաջիկայում ներդրվելիք «Գրավոր ժառանգության վերականգնում» մագիստրոսական ծրագրի տեսանկյունից։

Տնօրենությունը պաշտոնապես հրավիրել է երկու կառույցների մասնագետներին աշնանը Մատենադարանում կայանալիք «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարին, որի շրջանակում կստորագրվի Հռոմի Գրքերի և արխիվային փաստաթղթերի պաթոլոգիայի կենտրոնական ինստիտուտի հետ լրամշակված հուշագիրը։

Մատենադարանի Վերականգնման բաժնի աշխատակիցների մասնագիտական կարողությունների և ենթակառուցվածքների կատարելագործումը, ինչպես և միջազգային կապերի ընդլայնումը Մատենադարանի զարգացման ծրագրի առաջնահերթություններից են»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: