ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվեց Հրազդանին

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվեց Հրազդանին

Կապանը հրաժեշտ է տալիս երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակին․ դեկտեմբերի 12-ին Կապանի մշակույթի տանը տեղի ունեցած փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ ամփոփվել են «ՀՀ 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Կապանում կատարված աշխատանքները։

Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվել է Հրազդանին։

«Կապանի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը, Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը, Հրազդան քաղաքի պատվիրակությունը՝ համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանի գլխավորությամբ, Կապանի համայնքային իշխանության տարբեր պատասխանատուներ, երիտասարդական կառույցների ներկայացուցիչներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ «Երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Կապանում իրականացվել են բազմաշերտ և արդյունավետ աշխատանքներ։ Որպես երիտասարդական մայրաքաղաք՝ Կապանն ընտրվել էր 2020 թվականին, սակայն համավարակով և պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ծրագիրը չիրագործվեց. այն տեղափոխվեց 2021 թվական։

«Խնդիր էինք դրել աշխուժություն մտցնելու համայնքի երիտասարդական և մշակութային կյանքում։ Կարծում ենք, որ ամբողջական գնահատականը պետք է տան կապանցիները․ մենք մեր կողմից կարող ենք արձանագրել, որ ծրագիրը հաջողվել է, ինչին մեծապես նպաստել է Կապանի քաղաքային իշխանությունների, տեղի երիտասարդական կառույցների և ԿԳՄՍ նախարարության համագործակցված աշխատանքը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով Կապանի քաղաքապետարանին և «Երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումներում ներգրավված մշակութային ու երիտասարդական կազմակերպություններին։

Նախարարի տեղակալի խոսքով՝ Կապանի՝ «Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք» ընտրելու ծրագրի մեկնարկը տրվել է ընթացիկ տարվա մայիսի 1-ից։ «Բաղաբուրջ» համալիրում հիշատակի տուրք է մատուցվել արցախյան պատերազմների զոհերի հիշատակին, կազմակերպվել է Կապանի երիտասարդ գեղանկարիչների նկարների ցուցահանդես, տեղի է ունեցել հեծանվավազք, համերգային մի քանի ծրագիր է անցկացվել։ ԿԳՄՍ նախարարության առաջարկով 2021 թվականի հոկտեմբերին երիտասարդական մայրաքաղաք Կապանում անցկացվել են ԱՊՀ մասնակից պետությունների՝ երիտասարդության հարցերով խորհրդի նիստն ու «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլը։ Միջոցառումներին մասնակցելու նպատակով Կապանը հյուրընկալել էր ԱՊՀ անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Տաջիկստանի պաշտոնական պատվիրակություններին, ներկայացուցիչներին։

Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը փաստել է, որ «Երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում Կապանում մշակութային, մարզական, երիտասարդական և միջազգային կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել։

«Ավարտվում է «Կապանը՝ երիտասարդական մայրաքաղաք»  ծրագիրը, բայց մենք շարունակելու ենք մեր գործունեությունը կրթական, մշակութային և մարզական ոլորտներում՝ առավել բարձրացնելով ունեցած արդյունքները։ Կապանը հերոսական քաղաք է, և մեր երիտասարդները բազմիցս ապացուցել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են զենք վերցնելու և պաշտպանելու հայրենիքը։ Վստահ ենք, որ մեր հերոս երիտասարդները շարունակելու են մեզ զարմացնել իրենց կրթական, մշակութային, սպորտային և այլ ձեռքբերումներով»,- նշել է Գոռ Թադևոսյանը՝ շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ գործընկերներին արդյունավետ համագործակցության և համայնքին աջակցելու համար, ինչպես նաև շնորհավորելով և հաջողություն մաղթելով Հրազդանի գործընկերներին։

Այնուհետև Գոռ Թադևոսյանը երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանձնել է Հրազդան համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանին։

Միջոցառման ընթացքում ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր են հանձնվել «Կապանը՝ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումներում արդյունավետ գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունների և համայնքային կառույցների ներկայացուցիչներին։ Կապանում ամփոփիչ միջոցառումը եզրափակվել է հանրահայտ «Լավ էլի» ռոք խմբի համերգային ելույթով։

  • Կիսվել: