Երևանը պատրաստ է վերջնականացնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Միրզոյան
Երևանը պատրաստ է վերջնականացնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին վրաց գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Տեղյակ եք ՀՀ նախաձեռնությունից՝ «Խաղաղության խաչմերուկից», որը ենթադրում է ակտիվ տնտեսական, տրանսպորտային համագործակցություն: Նաև այս նախաձեռնության շրջանակներում արել ենք առաջարկ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման շրջանակներում: Իհարկե, պատրաստ ենք նաև այս ծրագրով, բայց նաև մյուս ուղղություններով վերջնականացնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը», - հայտարարեց Արարատ Միրզոյանը:
Նա շեշտեց՝ Հայաստանի կառավարության դիրքորոշումը նույնն է՝ Երևանը նվիրված է ու հետամուտ է լինելու խաղաղության օրակարգին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրին, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, սահմանազատմանը:
«Իմիջիայլոց, նույն հավատամքն ու նվիրվածությունն ունենք նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացին», - նկատեց արտգործնախարարը:
Ասուլիսին նախորդել էր առանձնազրույց Մակա Բոճորիշվիլիի հետ: