կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Երևանը պատրաստ է 1 ամսվա ընթացքում ստորագրել Բաքվի հետ խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը. ԱԳՆ

Երևանը պատրաստ է 1 ամսվա ընթացքում ստորագրել Բաքվի հետ խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի հետ առաջիկա մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագրի տեքստը վերջնական տեսքի բերելու և ստորագրելու Երևանի պատրաստակամությունը։

ՀՀ ԱԳ նախարարն այս մասին հայտարարեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մենք գրեթե վերջնական տեսքի ենք բերել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը։ Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ վերջնական տեսքի բերել տեքստը և ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը»,- ասաց Միրզոյանն՝ ափսոսանք հայտնելով, որ չի կարող ասել, թե այդ առումով տեսանելի է ադրբեջանցի գործընկերների դրական արձագանքը՝ 

Նա հավելեց, որ Հայաստանը վճռական է տրամադրված և նվիրված է խաղաղության օրակարգին, պատրաստ է կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ և ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Երևանը պատրաստ է շարունակել սահմանազատման գործընթացը՝ համաձայն  վերոնշյալ հռչակագրի:

«Ես իսկապես հավատում եմ, որ մենք ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հնարավորություն։ Ես իսկապես հավատում եմ, որ այս խաղաղությունը ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին և երկրներին: Մենք, իհարկե, կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ՝ հույս դնելով մեր այն գործընկերների ամուր աջակցության վրա, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում կայունությամբ և կայուն խաղաղությամբ»,- եզրափակեց Միրզոյանը՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով Էստոնիային ջերմ ընդունելության, Հայաստանում ժողովրդավարացմանն ու ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի քաղաքացիների եվրոպական նկրտումներին, ինչպես նաև խաղաղության օրակարգին ու Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելուն ցուցաբերած աջակցության համար։

  • Կիսվել: