շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Երևանում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը շատ ուժեղ ազդակ է Հայաստանի համար․ Խորվաթիայի վարչապետ

Երևանում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը շատ ուժեղ ազդակ է Հայաստանի համար․ Խորվաթիայի վարչապետ

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի համար գագաթնաժողովի նշանակությանը՝ շեշտելով դրա քաղաքական և տնտեսական կարևորությունը։

«Ես կարծում եմ, որ սա շատ ուժեղ ազդակ է Հայաստանի համար։ Այն փաստը, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն  անցկացվում է Երևանում, կարևոր ազդակ է։ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը նույնպես կարևոր ազդակ է Հայաստանի համար»,- նշել է նա։  

Խորվաթիայի վարչապետի խոսքով՝ գագաթնաժողովի օրակարգը հստակ արտացոլում է ներկայիս գլոբալ իրավիճակն ու Եվրոպայի հիմնական խնդիրները։

«Կարծում եմ՝ օրակարգային թեմաները հստակ արտացոլում են ներկայիս գլոբալ իրավիճակը և եվրոպական հիմնական խնդիրները՝ լինի դա մրցունակությունը, կապակցվածությունը, էներգետիկան, տեխնոլոգիական առաջընթացը կամ միգրացիայի հարցերը»,-ասել է նա՝ հավելելով, որ սա շատ դրական ազդակ է Հայաստանի համար։  

Անդրադառնալով տարածաշրջանային կապակցվածությանը՝ Խորվաթիայի վարչապետը նշել է, որ տրանսպորտային և էներգետիկ միջանցքները կարևոր դեր ունեն ոչ միայն Եվրոպայի, այլև Հարավային Կովկասի երկրների զարգացման և խաղաղության ապահովման գործում։

«Ես կարծում եմ, որ էներգակիրների և ապրանքների տեղափոխումը, բաց տարանցումը, համապատասխան ենթակառուցվածքներում ներդրումները չափազանց կարևոր են Եվրոպայի այս հատվածի, ինչպես նաև Կովկասում գտնվող բոլոր պետությունների զարգացման և խաղաղության համար»,– նշել է նա։

Նա նաև ընդգծել է, որ Եվրոպայի արևելյան և հարավային հատվածները պետք է ամրապնդեն համագործակցությունը աշխարհի այլ տարածաշրջանների հետ, ինչի կարևոր բաղադրիչներից են միջանցքային ծրագրերը։ 

Երևանում մայիսի 4-ին անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, իսկ մայիսի 5-ին տեղի կունենա Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ 

 

  • Կիսվել: