Երևանն ու Մոսկվան քննարկում են հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիայի հարցը․ Փաշինյան
Երևանն ու Մոսկվան աշխատանքային մակարդակով քննարկումներ են անցկացնում հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիայի հարցով։ Այս մասին մարտի 5-ին Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իշխանությունների օրակարգում շարունակում է մնալ կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հնարավորությունը, ինչի մասին նախկինում խոսել էին գործող իշխանության ներկայացուցիչները։
Կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ այդ հայտարարություններում որևէ բան ուղղված չի եղել Ռուսաստանի դեմ։ Միակ բանը, որի համար մտահոգված է հայկական կողմը, այն է, որ առանց ժամանակին իրականացվող արդիականացման՝ երկրի երկաթուղիները պարզապես չեն կարողանա սպասարկել բեռնաշրջանառության նոր ծավալները։ Հատկապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումից հետո։
«Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը՝ ասելով, որ մենք պարզապես այս իրավիճակում Հայաստանի մրցակցային առավելությունները կորցնում ենք։ Ուրիշ որևէ մոտիվացիա մենք չունենք և հույս ունեմ, որ կկարողանանք հասնել կոնկրետ լուծումների», - ասել է Փաշինյանը։


