երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երևանի ու Բաքվի միջև ԵՄ միջնորդությամբ ստեղծվել է հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ․ Փաշինյան

Երևանի ու Բաքվի միջև ԵՄ միջնորդությամբ ստեղծվել է հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ․ Փաշինյան

Լիտվան ԵՄ-ում մեր վստահելի գործընկերներից է, և մենք շնորհակալ ենք ԵՄ-Հայաստան հարաբերություններում Լիտվայի կողմից մեզ ցուցաբերվող քաղաքական աջակցության, մեր տեսակետների և մոտեցումների հասանելիությունը և մեզ համար կարևոր որոշումների կայացմանը ԵՄ-ում աջակցելու համար։ Այս մասին այսօր Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նման մի որոշում է Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելը։ Նախորդ օրը ես ծավալուն ելույթ ունեցա Եվրախորհրդարանում, որտեղ արձանագրեցի, որ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել ԵՄ-ին այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի․ վարչապետ Շիմոնիտեի հետ քննարկեցինք, թե սա ինչ է նշանակում կամ ինչ կարող է նշանակել գործնականում, խոսեցինք նաև ԵՄ-ում առաջիկայում կայացվելիք որոշումների մասին, որոնք վերաբերում են նաև Հարավկովկասյան տարածաշրջանին»,- ընդգծեց Փաշինյանը։

Նա մանրամասնեց, թե ինչ քննարկում է ունեցել Լիտվայի վարչապետի հետ․ «Ներկայացրել եմ խաղաղության խաչմերուկի մեր նախագիծն ու առաջարկը, որի մասին նույնպես խոսել եմ Եվրախորհրդարանում, և որի առանցքային նպատակը տարածաշրջանային հյուսիս-հարավ և արևելք-արմուտք կոմունիկացիաների վերաբացումն ու ակտիվացումն է, այդ թվում՝ Հայաստանի տարածքով, և որը Կասպից ծովը կմիացնի Միջերկրականին, Սև ծովը՝ Պարսից ծոցին և սա կարող է ոչ միայն մեր տարածաշրջանի կայունության և զարգացման երկարաժամկետ երաշխիք լինել, այլև գլոբալ տնտեսական համագործակցության կարևոր օղակ դառնալ․ սա կարող է նաև ակտիվացնել ԵՄ-Հայաստան, Լիտվա-Հայաստան տնտեսական կապերը։ Վերջին տարիներին Հայաստանի և Լիտվայի միջև արևտրաշրջանառությունն էական տոկոսային աճ է ունեցել, բայց բացարձակ թվերը շարունակում են մնալ սիմվոլիկ։ Կարծում եմ՝ միջկառավարական համագործակցության հանձնաժողովը Հայաստան-Լիտվա մտածելու բան ունի և աշխատելու մեծ ճակատ․ պայմանավորվեցինք, որ այս աշխատանքը կակտիվացնենք»։

Փաշինյանն ասաց, որ վարչապետ Շիմոնիտեին է ներկայացրել նաև տարածաշրջանում իրավիճակը, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների և ԼԵռնային Ղարաբաղի 100 հազար հայերի փախստական դառնալու փաստը, ինչպես նաև նրանց հրատապ կարիքները բավարարելուն ուղղված Հայաստանի կառավարության քայլերը։

«Ընդգծեցի, որ Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումների ընթացքում ձևավորվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, որն արտահայտվել է նաև Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ։ Այդ ճանապարհային քարտեզին կողմերի հայտարարությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում։ Հայաստանը ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերնշված սկզբունքներին իր հավատարմությունը»,- իր խոսքում նշեց Փաշինյանը։

  • Կիսվել: