Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հիմք կդառնա Պրահայի հայտարարությունը. Բայրամով
Պրահայի հայտարարությունը Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի հիմք կդառնա։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ռուս եւ հայ գործընկերների հետ Աստանայում հանդիպումից հետո։
Նա հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Բաքուն հոկտեմբերի 2-ին Ժնեւում Երեւանին է հանձնել խաղաղության պայմանագրի հիմնական կետերը եւ հիմա սպասում է հայկական կողմի պատասխանին։ Ըստ Բայրամովի՝ խաղաղության պայմանագրի բազային սկզբունքները հանձնվել են Հայաստանին դեռեւս ընթացիկ տարվա փետրվարին։
Պրահայում Ադրբեջան-Հայաստան-Ֆրանսիա-ԵՄ քառակողմ հանդիպման ժամանակ, Բայրամովի խոսքով, Բաքուն եւ Երեւանը ՛՛հայտարարել են միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձ ընդունելու մասին, եւ դա կդառնա խաղաղության պայմանագրի հիմքը՛՛։
Ադրբեջանի ԱԳ նախարարը կարեւորել է Հարավային Կովկասում հաղորդակցություններն ապաշրջափակելու գործնական աշխատանքը սկսելը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը ՛՛կոնկրետ գործողությունների կողմնակից է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի շրջանակում, որի վերաբերյալ հանձնաժողովի երրորդ նիստը տեղի կունենա առաջիկայում՛՛:



