ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանի ավագանու նիստին կրքերը թեժացան․ Բանավեճ՝  Իզաբելլա Աբգարյանի և Լևոն Հովհաննիսյանի միջև

Երևանի ավագանու նիստին կրքերը թեժացան․ Բանավեճ՝ Իզաբելլա Աբգարյանի և Լևոն Հովհաննիսյանի միջև

Դեռ երկու տարի առաջ, երբ «Իմ քայլը» խմբակցությանհարաբերությունները շատ լավ էին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, Լեւոն Հովհաննիսյանը ցանկացել է զբաղեցնել քաղաքապետի ֆինանսական գծով տեղակալի պաշտոնը: Այս մասին Երեւանի ավագանու նիստում ասաց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը:

Դա դիմելով Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածու Լեւոն Հովհաննիսյանին, ասաց. «Ես հիշում եմ, որ խմբակցությունը պառակտվել էր երկու մասի, խմբակցության ղեկավարը, քարտուղարը դեմ էին ձեր առաջադրմանը, դեմ էր նաեւ Հայկ Սարգսյանը, որին պետք է փոխարինեիք: Ավելին, դուք բոյկոտ էիք պատրաստում, որպեսզի տապալեիք ձեր փոխարեն առաջադրված մյուս թեկնածուի ընտրությունը: Եվ բացառապես խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանի հսկայական ջանքերով էր, որ այդ օրը բոյկոտ տեղի չունեցավ:

Մամուլում նաեւ հրապարակումներ եղան, որ դուք այդ ձեր նկրտումներում դիմել էիք նաեւ փոխվարչապետի միջամտությանը: Հարցս հետեւյալն է. այդ ժամանակ արդյոք չէիք մտածում, որ դրանով խզում եք քաղաքապետի կապն իր խմբակցության հետ, կառավարության հետ»:

Ի պատասխան Լեւոն Հովհաննիսյանն ասաց. «Կպատասխանեմ մաքսիմալ անկեղծ. Նախ դուք ստում եք եւ դրա մասին դուք անձամբ գիտեք: Ավելին ասեմ, դուք գիտեք, որ մենք անձնական վատ հարաբերությունների մեջ մինչեւ վերջերս չենք եղել, չնայած միշտ տարբեր սիրուն կարծիքներով փաթեթավորել եք ձեր ֆրակցիայից թռնելը: Հետո մինչ այդ ինչ-որ խնդիրներ, ինչ ակնկալիքներ եք ունեցել, չի բավարարվել, ումից եք նեղացած եւ այլն:

Նախ պառակտում չի եղել, ես այն անձնավորությունը չեմ, որ ձեզ նման պաշտոնի ակնկալիք ունենա, հետո չստանա ու սկսի հակառակ բաներ խոսել: Որեւէ պառակտում, որեւէ նույնիսկ խոսակցություն պարոն Մարությանի հետ չեմ ունեցել: Խորհուրդ եմ տալիս չմտնել այդ դաշտ»:

Դրանից հետո տեղի ունեցավ քվեարկություն եւ Լեւոն Հովհաննիսյանը 37 կողմ 1 դեմ, 3 ձեռնպահ ձայներով ընտրվեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ:

  • Կիսվել: