շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի թեմայով քննարկման ժամանակ Ազգային ժողովում կրքերը թեժացան

Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի թեմայով քննարկման ժամանակ Ազգային ժողովում կրքերը թեժացան

Փետրվարի 2-ին մեկնարկող Երևան-Ստամբուլ-Երևան չվերթներն Ազգային ժողովում բուռն քննարկումների թեմա դարձավ: Խորհրդարանի հունվարի 19-ի նիստում ընդդիմությունն ու իշխանությունը մեղադրեցին միմյանց թեմայի շուրջ պոպուլիստական հայտարարություններ անելու և հանրությանը մոլորեցնելու համար:

Թեև Ազգային ժողովի հունվարի 19-ի նիստում քննարկվում էր Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով կառավարությունը հեշտացնում է օտարերկրյա ընկերությունների համար Հայաստանում 13 ոլորտում գործունեություն իրականացնելը, պատգամավորները կենտրոնացան Երևան-Ստամբուլ-Երևան չվերթների վրա: Նախ նշվեց, որ այս օրինագիծն իր մեջ կրում է տնտեսական անվտանգության բաղադրիչներ:

 

«Ներդրողն այսօր Հայաստան չի գալիս անվտանգային խնդիրներից ելնելով, հարկային ոչ բարենպաստ քաղաքականության և շատ այլ հարցերի պատճառով և միայն լիցենզավորման հարցի պատճառով չէ, որ չի գալիս, - ԱԺ-ում իր ելույթում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը և հարցրեց: - Այս օրինագիծը միգուցե բերվում է կոնկրետ երկրի, ոչ թե երկրների համար, Ստամբուլ-Երևան թռիչքները փաստ են»:

 

Հենց այս հայտարարությունից հետո սկսվեց թեժ բանավեճը: ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հիշեցրեց Ստամբուլյանին, որ  «Անռիվա տուր» տուրիստական գործակալությունը, որի հիմնադիր-տնօրեն է հանդիսանում Հռիփսիմե Ստամբուլյանը, «տարիներ շարունակ գումար է վաստակել մեր հայրենակիցներին դեպի Ստամբուլ տեղափոխելու արդյունքում»:

 

«Ակցիա՝ Երևան-Ստամբուլ-Երևան՝ 96 հազար դրամ։ Սիրով սպասում ենք ձեզ՝ «Անռիվա տուր»։ Մեր հայրենակիցներին տեղեկացնեմ, որ «Անռիվա տուր» տուրիստական գործակալության հիմնադիր-տնօրեն է հանդիսանում Հռիփսիմե Ստամբուլյանը, ով մեր վրա մատ էր թափահարում, որ կազմակերպվում են Երևան-Ստամբուլ-Երևան չվերթներ։ Տիկին Ստամբուլյան, գոնե դուք չպետք է այդ թեմայից խոսեք, որովհետև տարիներ շարունակ գումար եք վաստակել մեր հայրենակիցներին դեպի Ստամբուլ տեղափոխելու արդյունքում»,- ասաց Հասմիկ Հակոբյանը։

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Երևան-Ստամբուլ և Ստամբուլ-Երևան թռիչքների գործարկմանը, նկատեց, որ որևէ մեկը դեմ չի արտահայտվում Երևան-Ստամբուլ, Ստամբուլ-Երևան թռիչքների գործարկմանը:

Նա քննադատում է այն, թե ինչպես են Թուրքիայի հետ վարվում բանակցություններ, երբ հայաստանյան հասարակությունն թե հատուկ ներկայացուցիչների նշանակման, և թե չվերթների վերաործարկան մասին տեղեկանում է թուրքական կողմից:

 

«Խնդիրը հետևյալն է․ Երևան-Ստամբուլ գծի վերսկսման մասին ոչ թե Հայաստանի ավիացիոն գործակալության տնօրեն Տաթևիկ Ռևազյանն է խոսում, այլ խոսում է Թուրքիայի խորհրդարանում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ իբրև բարի կամքի դրսևորում։ Ինչպես Էրդողանն է իբրև բարի կամքի դրսևորում, օրինակ, խոսում, որ 2003 թվականին իր վարչապետության ժամանակ թույլ է տվել դեպի Երևան թռիչքներ»,- ասաց Գեղամ Մանուկյանը, որին անմիջապես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

 

«Պարոն Մանուկյանը գալիս էստեղ ասում է՝ մենք Թուրքիայից ենք իմանում, որ Հայաստան-Թուրքիա չվերթներ են լինելու, էսինչ բանը Թուրքիայից ենք իմանում: Այսինքն ամեն անգամ ժամանակային փոքրիկ մի հատված, որ տարբերություն է լինում, ինչ-որ մի բան առաջինը հայտարարում է Թուրքիան, հետո հայտարարում է մեր ԱԳՆ-ն: Կարող է լինել հակառակը: Ասենք 15 րոպե, թող լինի մեկ ժամ տարբերությամբ, երբ հայտարարություններ են գնում, սա էս մարդկանց համար խնդիր է», - ասաց նա:

 

Այնուհետև նա նկատեց, ու նույն Գեղամ Մանուկյանի եւ ՀՅԴ-ի համար, օրինակ, խնդիր չի եղել, որ 2007 թվականին Ռոբերտ Քոչարյանի հանձարարությամբ կամ առնվազն գիտությամբ եղել են Հայաստան-Թուրքիա գաղտնի բանակցություններ: «Դրանք վարվել են շվեյցարական կողմի միջնորդությամբ: Միջնորդն էլ եղել է Շվեյցարիայի ԱԳՆ-ի պետքարտուղարը: Սա իրենց համար խնդիր չի եղել, էս մարդիկ դրա դեմ չեն պայքարել, նախարարական պորտֆելները չեն շպրտել սեղանին», - նկատեց՝ մեղադրելով ընդդիմությանը «երեսպաշտության» և «պոպուլիզիմի» մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: