ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

Երևան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

ՀԱՊԿ-ից Հայաստանի լուրջ դժգոհությունների ֆոնին այսօր Երևան է ժամանել կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը: ՀԱՊԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ պաշտոնյան պատրաստվում է Երևանում քննարկել նոյեմբերին Մինսկում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքները, որի ընթացքում ընդունվել են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր:

Հենց այդ փաթեթով է Իմանգալի Տասմագամբետովը Երևանում, որպեսզի Հայաստանը ևս միանա դրանց: Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Կառույցի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ այլ հանդիպումների մասին խոսք չկա:

Ամենայն հավանականությամբ այսօր գլխավոր քարտուղարի բերած փաթեթում է նաև ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցը: ԱԳՆ-ից մինչ այժմ ոչ միայն այս, այլ ամբողջ փաթեթին միանալու առնչությամբ դիրքորոշում չեն հայտնել: Ավելի վաղ ընդգծել էին, թե այդ հարցը կդիտարկեն փաստաթղթերին ծանոթանալուց հետո:

 

  • Կիսվել: