շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Երեխաների իրավունքի պաշտպանության ոլորտում բարեփոխումներ կլինեն. հանձնաժողովի նիստ է եղել

Երեխաների իրավունքի պաշտպանության ոլորտում բարեփոխումներ կլինեն. հանձնաժողովի նիստ է եղել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ առցանց ձևաչափով տեղի է ունեցել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2021թ․իրականացվող բարեփոխումներն, անդրադարձ է կատարվել նաև երեխաների կրթական իրավունքի իրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և սոցիալական աշխատողների ինստիտուտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի։

Ընդգծելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումների կարևորությունը՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել նաև գործընկեր հասարակական կազմակերպությունների դերը․

«Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի մշակման փուլում հնարավորություն է ստեղծվել լսելի դարձնել բոլոր շահեկից կողմերի առաջարկություններն, իսկ նախագծի մշակումից հետո, ի թիվս մի շարք հանրային քննարկումների, այն քննարկվել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ և այսօր, երբ նախագիծը ներկայացնում ենք պետական գերատեսչություններին՝ դրական արձագանք ենք ստանում։ Մեծածավալ բարեփոխումները պահանջում են համատեղ ջանքերի մեկտեղում․այս ոլորտում անելիք ունեն բոլորն՝ առանց բացառության»։

Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ներկայումս իրականացվող օրենսդրական բարեփոխումներին, երեխաներին տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանն ու երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված ծրագրերին։

Նա շեշտել է ցերեկային խնամք տրամադրող կազմակերպությունների գործունեությունը բարելավելու անհրաժեշտությունն՝ այդ գործում կարևորելով երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի ընդգրկումը։

Նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քարտեզագրել երեխաների հիմնահարցերի ոլորտում նաև ոչ պետական հաստատությունների կողմից տրամադրվող ծառայություններն ու ապահովել դրանց տարածքային համաչափ բաշխումը։

  • Կիսվել: