շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երեկ երեկոյան օպերատիվ առումով շատ տագնապալի վիճակ էր երկրի ներսում. Անդրանիկ Քոչարյան

Երեկ երեկոյան օպերատիվ առումով շատ տագնապալի վիճակ էր երկրի ներսում. Անդրանիկ Քոչարյան

Երեկ երեկոյան օպերատիվ առումով շատ տագնապալի վիճակ էր երկրի ներսում։ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ Նոր Նորքի ոստիկանության բաժնի վրա զինված անձանց հարձակման դեպքին։

Նա նշեց. ՛՛Ոստիկանական բաժիններից մեկը ներխուժել էին զինված մարդիկ և պարզ չէր, թե ինչ զարգացումներ և ինչ հեռանկար կարող էր լինել։ Ի պատիվ մեր ուժային կառույցների՝ ՆԳՆ-ի և ԱԱԾ-ի այդ խնդիրը լիկվիդացվեց, բայց, բնականաբար, դա մեզ մտածելու տեղիք է տալիս։ Պարո՛ն Աբազյան, փաստորեն, դեռ տներում շատ զենք կա։ Շատ ուրախ եմ, որ ոստիկանության ներկայացուցիչներն էլ այստեղ են։ Շնորհավորում եմ մեզ երեկվա բացահայտումների համար և կարծում եմ, որ երեկ ամբողջ գիշեր աշխատանք է տարվել:

ՀՀ-ում որևէ զինված ապօրինի խմբավորում չի կարող լինել, թաքնված զենք չի կարող լինել, հին ասացվածք կա՝ «պատից կախված հրացանը մի օր կրակում է», այդ կրակոցները չեն կարող երկրի ներսում լինել՛՛:

Քոչարյանի խոսքով՝ ՀՀ-ն ունի արտաքին բազմաթիվ խնդիրներ և ՀՀ-ի ներսում հանրությունն իրեն պետք է ամուր զգա։

՛՛Արբած լինի, արբած չլինի, որևէ մեկի մտքով պիտի չանցնի, որ եթե ինքն իր պատկերացմամբ ինչ-որ պահի մասնակից է եղել ինչ-որ գործողությունների, այսօր դա դարձնել դրոշակ, մտնել պահանջներ դնել պետության առաջ․ դա չի հանդուրժվի որևէ մեկին։ Գոնե հարգանքով վերաբերվեք Եռաբլուրին և բոլոր նրանց, ովքեր այդ խնդիրների լուծմանը թե կյանք են տվել, թե ամեն ինչ են տվել՛՛,-հավելեց Քոչարյանը՝ ընդգծելով, որ նման դրսևորումներն օր առաջ պետք է բնում խեղդվեն։

Նա նաև վստահեցրեց, որ խնդիրների լուծման հարցում կան սահմանադրական գործիքակազմեր։

  • Կիսվել: