շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էրդողանը գովել է Փաշինյանին ԼՂ հարցում դիրքորոշման և Անկարա կատարած այցի համար

Էրդողանը գովել է Փաշինյանին ԼՂ հարցում դիրքորոշման և Անկարա կատարած այցի համար

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում «կարևոր քայլ» է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Անկարա կատարած այցը, ինչպես նաև դրական է արտահայտվել հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ նրա դիրքորոշման մասին: Էրդողանի խոսքերըմեջբերում է թուրքական Anadolu գործակալությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:
 
«Դրական արձագանքելով թուրքական կողմի հրավերին՝ Փաշինյանն իր երկրում բազմաթիվ խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ է հաղթահարել։ Ինձ հնարավորություն ընձեռվեց կարճ շփում ունենալ նրա հետ արարողության ընթացքում։ Շնորհակալություն եմ հայտնել Թուրքիա ժամանելու համար», - ասել է Էրդողանը։
 
Բացի այդ, Թուրքիայի առաջնորդը «կարևոր» է անվանել Հայաստանի վարչապետի խոսքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին:
 
«Սակայն, ինչպես արդեն ասել եմ, Հայաստանում բացասական տրամադրություններ կան Նիկոլ Փաշինյանի դեմ։ Եվ սա շատ, շատ կարևոր կետ է։ Մինչև այսօր Փաշինյանը հետքայլ չի արել», - ասել է Էրդողանը։
 
Նա ավելացրել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացումը ծանրակշիռ ներդրում կունենա նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում: Նրա խոսքով՝ «տարածաշրջանում, որտեղ շատ վիշտ է եղել, խաղաղության դռները բաց են», ուստի կողմերը չպետք է բաց թողնեն այդ հնարավորությունը և պետք է պատասխանատու կերպով գործեն։

  • Կիսվել: