շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Երբ ես Զելենսկու հետ հանդիպեմ, անձամբ իրեն ուղերձ կփոխանցեմ․ Փաշինյանը՝ ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին ուղերձ փոխանցելու մասին

Երբ ես Զելենսկու հետ հանդիպեմ, անձամբ իրեն ուղերձ կփոխանցեմ․ Փաշինյանը՝ ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին ուղերձ փոխանցելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը Politico-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։

Հարցազրուցավարը հետաքրքրվել է՝ Փաշինյանն ուղերձ ունի՞ հղելու նրան ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին, ինչպես արել են այլ երկրների ղեկավարներ։

Ի պատասխան՝ ՀՀ վարչապետը նշել է. ՛՛Երբ որ ես Զելեսնկու հետ հանդիպեմ, անձամբ իրեն կփոխանցեմ: Ես չեմ կարծում, թե երկրների ղեկավարների համար լավ ժանր է հարցազրույցների միջոցով իրար մեսիջներ փոխանցելը՛՛:

Նա նաև հավելել է. ՛՛Ի միջի այլոց, նաև տարբեր առիթներով ենք ուղերձներ փոխանակում, վերջերս ես նրան շնորհավորել էի Ուկրաինայի անկախության օրվա առթիվ և այլն, այդպես շարունակ։ Այդ թեմայով մի բան կարելի է ասել՝ պատերազմը շատ վատ բան է։ Երբ որ 2020 թվականի պատերազմը սկսվեց, շատ էր խոսվում նրա մասին, թե ինչ պետք է անեի ես պատերազմից խուսափելու համար։ Դա շատ ճիշտ և լեգիտիմ հարց է, որից հետո սկսվեց Ուկրաինայի պատերազմը։ Եվ ես նայում էի այդ իրավիճակին և ինքս ինձ հարց էի տալիս, թե ինչ պետք է անեին Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարները՝ պատերազմից խուսափելու համար:

Փաշինյանն ընդգծել է, որ ՛՛բոլոր դեպքերում ամեն ինչ պետք է անել՝ պատերազմից խուսափելու համար՛՛:

՛՛Բոլոր դեպքերում պետք է ամեն ինչ անել պատերազմից խուսափելու համար, և նաև սա է պատճառը, որ անկախ բոլոր բարդություններից, անկախ լավատեսության նույնիսկ բացակայությունից, որդեգրել ենք և շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, շարունակում ենք հավատարիմ մնալ պայմանավորվածություններին և հույս ունենք, որ Ադրբեջանն էլ իր հերթին, ի վերջո, կարտահայտի իր հավատարմությունը միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածություններին՛՛,- ասել է նա:

Լրագրողը նկատել է, որ ՀՀ կառավարությունն անհերքելի հաջողություններ է գրանցել կոռուպցիայի նվազեցման, ինստիտուտների հզորացման հարցում, Հայաստանը տարածաշրջանի ամենազատ երկրներից է մամուլի, խոսքի ազատության առումով, նա հետաքրքրվել է` կարո՞ղ է սա Հայաստանին հասցնել մի կետի, որտեղ Հայաստանը կարող է ունենալ նույն ձգտումներն ինչպես, օրինակ, Վրաստանը՝ միանալ ԵՄ-ին, ՆԱՏՕ-ի հետ առավել մտերիմ հարաբերություններ ունենալ։

՛՛Սա այն կո՞ւրսն է, որ Դուք կցանկանայիք տեսնել Ձեր երկրի համար՛՛,- հարց է ուղղել լրագրողը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքել է.

՛՛Գիտեք, առաջինը խաղաղությունն է, առաջինը և ամենակարևորը՝ խաղաղությունն է, որովհետև խաղաղությունը և նպատակ է, և միջոց: Ես խոսեցի պետության ինքնիշխանության մասին, ես խոսեցի ժողովրդավարության մասին, բայց ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը և խաղաղությունը, ի վերջո, ինչի՞ համար են՝ մարդու բարեկեցության և անվտանգության, մարդու երջանկության: Եվ ինձ համար ընկալումը հենց այդպիսին է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի խաղաղ, բարեկեցիկ երկիր, որտեղ մարդիկ իրենց ստեղծագործ աշխատանքով կարող են կառուցել իրենց բարեկեցությունը և իրենց զգալ երջանիկ՛՛:

Վարչապետը կարծիք է հայտնել, որ հարցը, թե արդյոք ժողովրդավարությունն ի վիճակի է ապահովել անվտանգություն, կախված է Հայաստանի երկնքում՝ քաղաքական երկնքում, պատկերավոր ասած, և այդ հարցի պատասխանից իհարկե շատ-շատ բաներ են կախված:

՛՛Ես հույս ունեմ և համոզված եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ հարցը դրական պատասխան ստանա, և խաղաղության օրակարգի կարևոր կոմպոնենտներից մեկն է դա՛՛,- ասել է նա:

՛՛Նոր պատերազմի վտանգի շարունակական մտավախությունն ի՞նչ ազդեցություն է թողնում Ձեր վրա՛՛,- հետաքրքրվել է լրագրողը։

Վարչապետը պատասխանել է. ՛՛Ընդհանուր առմամբ, իհարկե, շատ դժվար է այդ իրավիճակում էմոցիաների բեռի տակ չմնալ, և երբ շատ դեպքերում հաղորդակցություն եմ ունենում մեր զոհված զինվորների հարազատների հետ, հասկանալի է, որ այդ խոսակցությունները հեշտ չեն և բարդ են, բայց ոչ միայն հեշտ չեն և բարդ են նրանց համար, նրանց տեսակետից, այլև հեշտ չեն և բարդ են իմ տեսակետից, որովհետև ես մեկ-երկու անգամ առիթ ունեցել եմ նրանց հետ անկեղծանալու և ներկայացնելու իմ ընկալումը, որովհետև ասել եմ՝ տեսեք, ձեզնից յուրաքանչյուրը մի հարազատ է կորցրել, կամ մի որդի, մի զինվոր է կորցրել, ես կորցրել եմ հազարների, և ասվածի մեջ ոչ մի չափազանցություն չկա: Բայց մյուս կողմից՝ եթե մենք պետական կառավարման գործում և պետական այս բարձր պաշտոնում երկիրը կառավարելիս չկարողանանք լինել էմոցիաներից անդին, դրանից որևէ մեկը չի շահի, դրանից ավելի լավ չի լինի երկրի համար, դրանից ավելի լավ չի լինի նահատակների համար, որոնք, իմ ընկալմամբ, ընկել են այն բանի համար, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի, և Հայաստանի Հանրապետությունը պետք է ապրի, զարգանա, լինի ազատ, ժողովրդավար, բարեկեցիկ և խաղաղ՛՛:

  • Կիսվել: